Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց բարերար Էդուարդո Էօռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչման շնորհման արարողությանը.
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Նախագահի նստավայրում ներկա է գտնվել ազգային բարերար տիար Էդուարդո Էօռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման շնորհման արարողությանը։
Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսքով դիմել է ներկաներին։
«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգարժան պարոն Էօռնեկյան՝ Հայաստանի ազգային հերոս,
Սիրելի ներկաներ,
Գոհունակ սրտով ենք մասնակցում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից մեր ժողովրդի ու մեր Սուրբ Եկեղեցու մեծազնիվ զավակ տիար Էդուարդո Էօրնեկյանին «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչման ու պարգևի հանձնման այս հանդիսավոր արարողությանը: Պարգևը արժանի գնահատանք է ազգային մեր կյանքում մեծ բարերարի ավանդի ու ծառայությունների, որոնք առատ արգասիքներն են նրա բարեպաշտ հոգու և ջերմ ազգասիրության ու հայրենասիրության:
Փառք և գոհություն Ամենակալին Աստծո, որ մեր ժողովրդին շնորհում է զավակներ, ովքեր իրենց կյանքի մաս են դարձնում ծառայությունը հարազատ ժողովրդին ու հայրենիքին:
Սփյուռքում ծնված շատ հայորդիների նման տիար Էօրնեկյանը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հանդեպ և անկախ պետականության առաջին իսկ օրից ազնիվ հանձնառությամբ իր զորակցությունը բերեց Հայաստանին ու Արցախին: Նրա բարերարությամբ կյանքի կոչված մեծածավալ ծրագրերը կարևոր նպաստ են մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչպես և՝ նշանակալի աջակցություն կրթությանն ու մշակույթին:
Սրտի գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ տիար Էօրնեկյանը սատարում է մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ իր մեծ ավանդը բերելով հոգևոր մեր կյանքի պայծառացմանը: Այսպիսի օրհնաբեր իրագործումներով, որոնք զորացնում ու բարօր են դարձնում մեր հայրենիքը, շենացնում ազգային-եկեղեցական կյանքը, գրվում են մեր ժողովրդի նորօրյա պատմության փառքի էջերը:
Այս պահին կցանկանայինք առանձնացնել նաև, որ մեր ժողովրդի բարերար զավակների նվիրումը, իրագործվող ազգանվեր ու հայրենաշեն ծրագրերը, բոլորիս համար մեծ քաջալերություն լինելով, միաժամանակ վառ օրինակ են պատանի և երիտասարդ հայորդիների և գալիք սերունդների համար: Թող այսպես լինի միշտ, թող Բարձրյալ Տերը մեր զավակներին հանապազ շնորհի բարեպաշտության, հայրենյաց սիրո, պատասխանատվության ու նախանձախնդության ոգի, և մեր կյանքից անպակաս լինի պարծանքը ազնիվ գործերի:
Այս ուրախալի առիթով Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, սիրելի պարոն Էօրնեկյան, և մաղթում արևշատ կյանք և նոր հաջողություններ՝ Ձեր և Էօրնեկյան բարեգործ գերդաստանի ազնիվ նախաձեռնություններին ու գործերին:
Հայրապետական Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհավորականներն ենք բերում Ձեզ, մեծարգո Նախագահ, ազգային անդաստանում բացառիկ ծառայություններ մատուցած երախտավոր հայորդիներին պետական բարձր պարգևների արժանացնելու համար:
Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն աշխարհասփյուռ հայ կյանքի շենացման ու պայծառացման:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունը, շնորհն ու ողորմությունը այսօր և միշտ թող լինեն մեզ հետ. ամեն», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։