Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությանը
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսների հետ ներկա է գտնվել տիկին Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությանը:
Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետն իր ցավակցություններն է բերել նրա ամուսնուն, զավակներին և հարազատներին:
«Հոգելույս տիկին Գրետա Սարգսյանին Մենք ճանաչում ենք արցախյան հերոսական ազատամարտի տարիներից, երբ մեր ժողովրդին ներկայացավ հայուհու իր բարի ու ազնիվ նկարագրով և վեհ ու խրոխտ կեցվածքով՝ որպես հայ կնոջ օրինակելի կերպար: Հայրենասիրության ու ազգասիրության իր ոգին տիկին Գրետա Սարգսյանը փոխանցեց իր սիրելի զավակներին, ովքեր ծառայանվիրումով, հայրենիքի հանդեպ հավատարմությամբ, յուրաքանչյուրն իր հանձնառության մեջ բարի ավանդ ունեն ազգային ու հայրենական անդաստանում: Այդ ոգին էր, որ շողարձակեց հոգելույս սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հայրենանվեր կյանքի ու գործունեության մեջ և նրա անունը անմահացրեց հայոց նորագույն պատմության մեջ: Բոլոր մեծ ու երախտարժան մարդկանց առաքինի կերպարում շողում է հերոս մայրերի լուսավոր ու պայծառ պատկերը, ովքեր կերտել են որդիներին՝ որպես հայրենյաց պաշտպաններ ու զինվորներ, ազգի նախանձախնդիր մշակներ, հանձնառու գործիչներ ու սպասավորներ՝ նրանց ընծայելով հարազատ ժողովրդին, Մայր հայրենիքին:
Լուսահոգի Գրետա մայրիկը ավագ որդու՝ Վազգեն Սարգսյանի եղերական մահվան անամոք վիշտը սրտում՝ իր խոսքերով ու գործերով, ապրված ողջ կյանքով միշտ վառ պահեց հոգելույս սպարապետի հիշատակը և այսօր փոխադրվեց հավիտնեություն՝ միանալու սիրելի իր զավակին:
Սիրելի սգակիր անդամներ Սարգսյան ընտանիքի, երկրավոր կյանքում սիրելիից բաժանումի սուգի և տրտմության մեջ մխիթարական է Հիսուս Քրիստոսի խոսքը, թե` Իրեն հավատացողները երանության պիտի արժանանան երկնքի արքայության մեջ, և նրանք չեն կորչի հավիտյան (Հովհ. 10.28): Այսօր երախտիքի և հարգանքի մեր տուրքը մատուցելով հոգելույս Գրետա մայրիկի վառ հիշատակին՝ մխիթարություն ենք ապրում, որ իր թողած բարի անունը և մշտապես դրսևորած մայրական քնքուշ սիրո ջերմությունը, հավատավոր ընթացքը փոխհատուցվելու են երկնային երանությամբ, քանզի «ով հավատում է, ընդունում է հավիտենական կյանքը», - ասաց Նորին Սրբությունը։
Խունկ, աղոթք և օրհնություն լուսահոգի տիկին Գրետա Սարգսյանի բարի հիշատակին: