Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը
Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը:
Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը և, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Այս տարվա Ոտնլվայի արարողության համար ընտրվել էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը և Հոգեշնորհ Տ. Մոմիկ վարդապետ Սարգսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Դավիթ սարկավագ Հունանյանը, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ Հարություն Հակոբյանը և Արա Ավագյանը, զինվորներ Տիգրան Թումանյան և Նարեկ Փիրուզյանը, բժիշկ Սամվել Պողոսյանը, Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Աշոտ Կարապետյանը և Հակոբ Մելիքյանը, մանուկներ Հովհաննես Խաչատրյանը և Արշակ Քելեգյանը:
Վերջում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց տաճարում ներկա հարյուրավոր հայորդիներին, որից հետո միաբան սարկավագներն օրհնված յուղը բաշխեցին հավատացյալ ժողովրդին: