Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանության միջև ձևավորված սերտ հարաբերությունները` գնահատանքով անդրադառնալով Մայր Աթոռի եկեղեցական կառույցների կողմից իրականացվող բարեսիրական և մարդասիրական տարբեր ծրագրերին դեսպանատան մասնակցությանը:
Իր հերթին նորանշանակ դեսպանը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու գործում: Դեսպան Յամադան նաև կիսվեց Նորին Սրբության հետ Հայաստանի պատմամշակութային վայրեր կատարած իր այցելությունների տպավորություններով:
Զրույցի ընթացքում խոսվեց Ճապոնիայում ձևավորված փոքրաթիվ հայ համայնքի, ինչպես նաև Արևելքում պատմական հայկական ներկայության մասին: Անդրադարձ կատարվեց նաև ներհայաստանյան քաղաքական զարգացումներին և երկրի առջև ծառացած զանազան մարտահրավերներին: