Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով վերջինիս ներդրած ջանքերն ի նպաստ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության և Մայր Աթոռի ու Ճապոնիայի մշակութային կառույցների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանության խնդիրներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր լավատեսական ոգով, զորեղ հավատքով, ինչպես և բարեկամ երկրների ու միջազգային հանրության գործուն աջակցությամբ կհաղթահարի առկա փորձությունները։
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր շնորհակալությունը հայտնեց այս դժվարին իրավիճակում Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:
Իր հերթին դեսպան Ֆուկուշիման անդրադարձավ Հայաստանում իր ծառայության տարիների ընթացքում ստացած տպավորություններին՝ բարձր գնահատելով հայ ժողովրդի հյուրընկալությունը և հոգևոր-մշակութային ժառանգության յուրօրինակությունը:
Ճապոնիայի դեսպանը նաև իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Նորին Սրբությանը արցախյան պատերազմի զոհերի ու տեղահանված արցախցիների առնչությամբ։