Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած վերաբերմունքը և ոգին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական:
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զորացման գործում ներդրվող ջանքերին, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմին:
Իր հերթին դեսպանը նշեց, որ տպավորված է Հայաստանով և նրա հարուստ մշակույթով: Պրն. Քիսլերը իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը գործակցության համար` գոհունակությամբ հավելելով, որ պաշտոնավարման ընթացքում Գերմանիայից ժամանած բազում պատվիրակություններ է առաջնորդել Մայր Աթոռ: Գերմանիայի դեսպանը կարևոր նկատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը միջեկեղեցական կապերի զորացման գործում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: