Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի սաներին
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Օդեսայի (Ուկրաինա) հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի սաներին։
Կենտրոնի տնօրեն տիկին Աննա Գևորգյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դպրոցի և մանկապարտեզի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ սաների այցը Հայաստան նպատակ է հետապնդում ճանաչել հայրենիքը։
Վերջինս նաև հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում երեխաները հանդես են եկել համերգներով և գոյացած ողջ հասույթն ուղղել Արցախին զորակցությանը։
Այս առիթով սաները հանդես եկան հոգևոր, ազգային ու հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարումներով՝ ուրախություն պարգևելով Հայոց Հորը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց պատանի հայորդիներին՝ իր գնահատանքը բերելով նաև ծնողներին և մանկավարժներին սաներին ազգային ոգով կրթելու և դաստիարակելու համար։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ նրանք հայ ժողովրդի հույսն են, կամքն ու ապագան։ Նորին Սրբությունը պատգամեց մանուկներին և պատանիներին սիրել հայրենիքը, ապրել ազգային արժեքների ոգով ու շնչով, որպեսզի կարելի լինի իրականություն դարձնել հզոր, ծաղկուն և բարօր հայրենիք ունենալու տեսլականը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաև, որ Ուկրաինայի հայ համայնքում, շնորհիվ հայոց թեմի և ազգային կառույցների գործունեության, նախանձախնդրությամբ են վերաբերվում ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, որի լավագույն դրսևորումն է հայորդիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորացնի պատանի հայորդիների հոգիներում սերն առ հայրենիքը, ուժ և կարողություն պարգևի հայեցի շնչով հասակ առնելու և հայ ժողովրդի արժանավոր զավակներ դառնալու համար։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը հետաքրքրվեց նաև Օդեսայի հայ համայնքի կյանքով և հայկական կառույցների գործունեությամբ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց պատանի հայորդիներին, այցի առիթով նրանց ընծայեց խաչեր ու սրբապատկերներ։