Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց  Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների 09.07.2019

Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի անդամների և միջբուհական «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ուղեկցությամբ  Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:

Հանդիպմանը Թովմա վարդապետը Նորին Սրբությանը տեղեկություններ հաղորդեց ՀԵՀԵՄ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի միջև ձևավորված համագործակցության և նախանշվող համատեղ նոր ծրագրերի մասին:

Այնուհետև երիտասարդները Վեհափառ Հայրապետին հանգամանորեն ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ ընդգծելով, որ իրենց առաքելության կարևորագույն ուղղություններից է նաև ազգային գաղափարախոսության տարածումը:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց ՀԵՀԵՄ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ազգային կառույցների միջև առկա կապերի առնչությամբ՝ հաստատելով, որ այդ շփումը հնարավորություն է ընձեռում ուսանողությանը լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին: Նորին Սրբությունը նշեց, որ Հայ Եկեղեցու մասին պատկերացումները հաճախ սահմանափակվում են ծիսապաշտական արարողություններով, մինչդեռ, ըստ Հայոց Հովվապետի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրողն է հայ ժողովրդի հոգևոր և ազգային մշակույթի հսկայական ժառանգության, որի նպատակն է եղել բոլոր ժամանակներում աստվածաճանաչողությունը հասանելի դարձնել հայորդիներին:

Նորին Սրբությունը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցու առաքելությունն է ըստ ամենայնի աջակցել հայ երիտասարդին կանգնելու աստվածաճանաչողության ճանապարհին և ընթանալու դրանով` հավատարիմ ժառանգորդները լինելով իրենց հայրերի կերտած հոգևոր ու մշակութային արժեքների:

Վեհափառ Հայրապետը անդրադարձ կատարեց երիտասարդության հոգիները փոթորկող ժամանակակից մարտահրավերներին և տարածվող կործանարար կեղծ գաղափարախոսություններին` դրանց հաղթահարման գործում կարևորելով ինքնաճանաչողությունը, ծանոթությունը Հայոց Եկեղեցու վարդապետությանը և քարոզած արժեքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսանողների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, հաճախակի եկեղեցի այցելելու, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և լավ ուսանելու կարևորության մասին:

Վերջում Նորին Սրբությունը երիտասարդ ուսանողներին պատգամեց իրենց ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքին` ապահովելով նրա առաջընթաց ու բարօր կյանքը: