Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց կիրակնօրյա դպրոցների աշակերտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց կիրակնօրյա դպրոցների աշակերտներին 30.05.2018

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի կիրակնօրյա դպրոցների սաների`առաջնորդությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:

Սրբազանը Վեհափառ Հարապետին ներկայացրեց 10-13 տարեկան շուրջ 100 սաներին, ովքեր Մայր Աթոռ են եկել` մասնակցելու ՔԴԿ-ի կողմից կազմակերպված` կիրակնօրյա վարժարանների սաների օլիմպիադայի հանրապետական փուլին:
Իր բարեմաղթանքն ու օրհնությունը փոխանցելով աշակերտներին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ կիրակնօրյա դասընթացների նպատակը սաներին Աստծո ուղենշած ճանապարհով քայլել սովորեցնելն է, որպեսզի իրենց կյանքի ընթացքը լինի բարու, սիրո մեջ, և այդ զգացումներով արարեն, շենացնեն հայրենի երկիրը: Վեհափառի խոսքով` մեր հայրերի` Տիրոջ հանդեպ մեծ սիրո արտահայտություն են սքանչելի վանքերն ու եկեղեցիները, արժեքավոր ձեռագիր մատյանները: Նրանք ամեն ճիգ ու ջանք գործադրել են, որպեսզի Աստծուն ընծայաբերեն իրենց հոգուց լավագույնը: Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց նույն այս ուժգնությամբ սիրել Աստծուն`շարունակելով մեր հայրերի նվիրական գործը: «Միայն այդպես մենք կարող ենք լինել երջանիկ, մեր երկիրը` հզոր: Աստծուց է ամեն բարիք ու երջանկություն. մենք որքան ջերմ սիրենք Արարչին, այնքան բարիքները պիտի առատանան թե´ մեր, թե´ ազգային կյանքում»,-ընդգծեց Վեհափառ Հայրապետը:
Խոսելով Քրիստոսի` մանուկների նկատմամբ մեծ սիրո մասին` Վեհափառը սաներին հորդորեց աղոթքների, Աստծո հետ հաղորդակցության միջոցով միշտ պահպանել հոգու մաքրությունը:

Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը բերեց նաև մանկավարժներին և ծնողներին, ովքեր աստվածահաճո գործ են կատարում`երեխաներին ուղղորդելով դեպի բարին, ազնիվը, մաքուրն ու գեղեցիկը, նրանց մեջ ամրացնելով սերը արարչության, մարդու նկատմամբ:

Օլիմպիադայի մասնակից աշակերտները ՔԴԿ սարկավագների ուղեկցությամբ նաև այցելեցին Մայր Տաճար, շրջեցին թանգարաններում: Օրվա ավարտին` Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան սաների կողմից պատրաստված հանդիսությունից հետո կպարգևատրվեն օլիմպիադայի մրցանակակիրները: