Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միության անդամներին
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հյուրընկալեց Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միության շուրջ 40 անդամների:
Հանդիպման սկզբում միության ատենապետուհի Անահիտ Տանձիկյանը միության անդամների անունից երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը միության 60-ամյակի առթիվ Մայր Աթոռի հարկից ներս իրենց հյուրընկալելու համար` նշելով, որ Սուրբ Էջմիածին այցելելու նման հրավերը միության վաթսունամյա գործունեության լավագույն գնահատականն է:
Տիկին Տանձիկյանը միության անդամներին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձ կատարեց նաև միության գործունեությանն ու առաքելությանը:
Ապա ներկաներին ողջունեց և միության հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ իր շնորհավորանքները բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիներին հետևանքով Մայր Աթոռին պատճառված վերքերի դարմանման գործում իր մեծ դերն ու աջակցությունն է ունեցել Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միությունը, ինչը վկայում է համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ ունեցած մեծ սիրո ու նվիրման մասին: Ընդգծելով միության շարունակվող կարևոր առաքելությունը` Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տանձիկյան ընտանիքին և միության անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի և մշտական զորակցության համար:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վաթսունամյա հոբելյանը, ինչպես նաև ընտանիքներով հանդերձ այս այցելությունը Հայաստան, հոգեպես նորոգվելու, լիցքավորվելու և հայրենիքից նոր ուժ ստանալու առիթ կդառնա` միության հետագա գործունեության համար:
Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց միության անդամների հարցերին` մասնավորապես անդրադառնալով Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին: