Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումների շրջագծից ներս, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ պաշտոնական հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Վեհափառ Հայրապետը մասնավորապես իր գնահատանքն ու շնորհակալութունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար:
Նույն օրը Նորին Սրբությունը հանդիպեց Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում:
«Հրաշափառ»-ի արարողությունից հետո բարիգալստյան խոսքով Նորին Սրբությանը ողջունեց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ապա հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր հայրական օրհնության խոսքն ու պատգամն ուղղելու բեռլինահայ հավատացյալներին:
Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գոհունակություն և քաջալերություն է Մեզ համար, որ ամուր է ազգանվիրումի և եկեղեցասիրության ոգին Գերմանիայում բնակվող աստվածասեր մեր հավատավոր զավակների: Ամենայն գնահատանքի է արժանի թեմի շինությանն ու ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին ձեր բերած նպաստը, ինչպես նաև նոր սերնդի հայեցի դաստիարակության կարևոր գործի հանդեպ ձեր նախանձախնդրությունն ու հոգածությունը, ազգային ոգու փոխանցումը ձեր զավակներին, ինչի վկայությույնն է ձեր համախմբումը դարավոր մեր Եկեղեցու շուրջ և ակտիվ մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքին:
…Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, հավատավոր ձեր կյանքով ու աստվածահաճո գործերով, առաքելական խոսքի համաձայն` «տաճար Հոգւոյն Սրբոյ» եք, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի: Հիրավի, մեր դարավոր պատմությունը նման է Փրկչի երկրավոր կյանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, զրկանքներ ու փորձություններ, ցեղասպանության գողգոթա, բայց Փրկչի հետ հավատքի զորությամբ հարություն է առել մեր ժողովուրդը՝ կերտելով իր վերածնված կյանքը: Այդ հաղթանակն է, որ այսօր երևում է Գերմանիայի տիրախնամ թեմում արձանագրված ձեռքբերումների մեջ, արտացոլվում եկեղեցանվեր ու ազգասեր ձեր կյանքի ընթացքներում»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմությամբ վերհիշեց Գերմանիայի Հայոց հովվությունում բերած իր ծառայությունը, Բեռլինում մատուցած պատարագները, ինչպես նաև այդ տարիներին գերմանաբնակ հայորդիների բարի աջակցությունը:
Ուրախությամբ անդրադառնալով Գերմանիայի հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքում նկատվող դրական զարգացումներին, առաջընթացին և նոր ձեռքբերումներին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց համայնքի անդամների աստվածսիրության ու հայրենասիրության ոգին և դրանցից ծնված բարի գործերը` հորդորելով մշտապես զորավիգ ու զորակից լինել Հայրենիքին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև թեմակալ առաջնորդին, հոգևոր դասին, թեմական, համայնքային վարչությունների անդամներին` մաղթելով առավել կորով ու եռանդ` Գերմանիայի հայոց թեմի ազգային-եկեղեցական կյանքը նոր իրագործումներով հարստացնելու և համայնքում պայծառություն ու բարօրություն հավելելու համար: