Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 17 եկեղեցականի հետ:
Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հոգևոր հայրերին և դասընթացների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ վերապատրաստման այս հավաքները նաև առիթ են Մայր Աթոռում համատեղ աղոթելու և միմյանց միջև եղբայրական ոգին առավել զորացնելու:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց եկեղեցականներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը՝ հաստատելով, որ այն լավագույն հնարավորությունն է ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հավատքը, հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով, ինչպես նաև կիսվելու հովվական կյանքի փորձառությամբ: Ըստ Հայոց Հովվապետի՝ այս դասընթացները հնարավորություն են տալիս հոգևոր հովիվներին ավելի արդյունավետ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, նաև համաքայլ ընթանալու գիտության նորագույն նվաճումներին:
Նորին Սրբությունը պատասխանեց նաև հոգևոր հովիվների հարցերին, լսեց նրանց դիտարկումները ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան երևույթների և բիոէթիկական խնդիրների վերաբերյալ:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով և Ս. Հոգու առաջնորդությունն իրենց առաքելության արդյունավորման մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: