Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ:
Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հոգևոր հայրերին, ապա ամփոփելով տարին` տեղեկացրեց, որ փետրվարի 11-ից սկսյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 161 հոգևորական` 127-ը Հայաստանից և Արցախից, 34-ը սփյուռքի թեմերից: Անդրադառնալով վերապատրաստման դասընթացների օգտակարությանը` Սրբազան Հայրը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումների կարևորության մասին, որոնք հնարավորություն են տալիս Եկեղեցու սպասավորներին Հայոց Հովվապետի հետ քննարկելու իրենց հովվական կյանքին առնչվող զանազան խնդիրներ և մարտահրավերներ:
Այնուհետև հոգևորականներին իր օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր հերթին կարևորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը` նշելով, որ դրանք առիթ են տալիս հովիվներին առանձնանալու և մտորելու իրենց հոգևոր առաքելության արդյունավորման մասին, ինչպես նաև հարստանալու նոր գիտելիքներով և միմյանց փորձառությամբ: Հայոց Հովվապետն ընդգծեց, որ թեմերում ծառայող հոգևորականների հետ հանդիպումները և հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ քննարկումները մեծապես նպաստում են ապագայի տեսլականի իրականացման, Եկեղեցու հետագա գործունեության նախանշման գործընթացին:
Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով Եզնիկ Սրբազանին դասընթացների կազմակերպչական գործը ստանձնելու համար, արձանագրեց, որ ամենը կարվի, որ դասընթացներն ապագայում առավել արդյունաշատ լինեն և ընդգրկեն աստվածաշնչագիտությանը, հովվական աստվածաբանությանը և Եկեղեցու սոցիալական ծառայությանը վերաբերող նորանոր դասընթացներ և քննարկումներ:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ:
Նորին Սրբությունը պատասխանեց նաև հոգևոր հովիվների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: