Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, սույն թվականի հոկտեմբերի 10-ից մեկնարկած վերապատրաստման այս դասընթացները կրելու են պարբերական բնույթ: Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Մասնակից հոգևորականները հնարավորություն են ստանում թարմացնելու իրենց աստվածաբանական, ծիսական և պատմական գիտելիքները:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, իր օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, հետաքրքրվեց վերապատրաստության ծրագրի ընթացքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու, միասնաբար աղոթելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:
Իր խոսքում Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին հոգեխնամ առաքելություն իրականացնել հայրենազրկված արցախցիների նկատմամբ և ամեն ջանք ներդնել նրանց օժանդակություն ցուցաբերելու համար։
Նորին Սրբությունը քահանա հայրերին պատգամեց բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց անձնդիր ծառայությունը ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն։