Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հետ 14.11.2018

Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրան:

Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց հայրենիքում բազում մարտահրավերների առկայության մասին: Կարևոր նկատելով առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ Հայոց Հայրապետը մաղթեց, որպեսզի դրանք անցնեն խաղաղ և համերաշխ մթնոլորտում՝ նպաստելով հայ ժողովրդի, Հայաստանի բարի անվան և հեղինակության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ տիար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց Վեհափառ Հայարպետին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են խաղաղ ու հանգիստ մթնոլորտում:

Պրն. Փաշինյանը խոսեց նաև Հայ Եկեղեցու հայ ժողովրդի կյանքում ունեցած բացառիկ դերակատարության մասին՝ հաստատելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգապահպանության կարևոր առաքելություն է իրականացնում:

Վերջում Հայոց Կաթողիկոսը մաղթեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Աստծո օգնականության և օրհնության ներքո իրականացնել իր անչափ պատասխանատու առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: