Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ
Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Սրբազան Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, անդրադարձավ Հայաստան կատարած այցի արդյունավետությանը և ուսումնական դասընթացի օգտակարությանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին, թեմական խորհրդի անդամներին և վարժարանի տնօրինությանը ջերմեռանդ ծառայության, հայի ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի և նման օգտաշատ նախաձեռնության կազմակերպման համար:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, ուրախությամբ հաստատեց, որ նրանք կվերադառնան Եգիպտոս՝ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և ներշնչված երկրի պատմամշակութային արժեքներով ու սրբություններով:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ քաղցր հուշերը կոգեշնչեն նրանց իրենց հետագա ուսումնառության մեջ, որպեսզի գերազանց սովորեն և իրենց արձանագրած հաջողություններով էլ ավելի բարձրացնեն հայ ժողովրդի պատիվը:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ազգային վարժարանի սաներին համայնքային կյանքում իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:
Նույն օրը Ամենայն Հայոց Հովվապետը հանդիպեց նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լոս Անջելեսի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորների հետ՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Թաշչյանի:
Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: