Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ստամբուլի նահանգապետին

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանի, Թուրքիայում ՀՀ ներկայացուցիչ տիար Կարեն Միրզոյանի եւ Հովվապետական այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ տիար Պետրոս Շիրինօղլուի ուղեկցությամբ, Ստամբուլի նահանգապետարանում հանդիպում ունեցավ Ստամբուլի նահանգապետ տիար Մուամմար Գյուլերի հետ:

Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ Տիեզերական Պատրիարքի եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքի համատեղ հրավերով գտնվում է Ստամբուլում միջեկեղեցական եւ Հովվապետական այցով: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ առիթ ընծայվեց իրեն առավել ծանոթանալու ստամբուլաբնակ հայ համայնքին:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նշեց, որ տեղյակ է, որ հոգեւոր եւ ազգային կյանքը արդյունավոր կազմակերպվում է հայ համայնքում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ համայնքում առկա կալվածային եւ ուսումնական որոշ հարցերի եւ հույս հայտնեց, որ դրանք կառաջնորդվեն բարեհաջող լուծման:

Պատասխան իր խոսքում նահանգապետ Գյուլերը, ողջունելով Հայոց Հայրապետի այցը Ստամբուլ, հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների հարաբերությունները կբարելավվեն:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների հարաբերություններին, ընդգծեց, որ բարելավման առնչությամբ նույն ցանկություններն ունի նաեւ հայ ժողովուրդը, եւ համոզում հայտնեց, որ այդ հարաբերությունները կբարելավվեն արդարության հիմքի վրա:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցի, ինչպես նաեւ Ստամբուլի նահանգապետարանի գործունեությանն առնչվող հարցեր: