Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սիրիահայ ընտանիքների երեխաների հետ
Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն տիար Ջորջ Բարսեղյանի:
Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց նրանց ծնողներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրենց զորակցությունն ու օժանդակությունն են բերում Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
Նորին Սրբությունը ցավով անդրադարձավ այն իրադարձություններին, որոնց հետևանքով խաթարվում է Սիրիայում բնակվող հայորդիների բնականոն կյանքի ընթացքը և պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման, սակայն միևնույն ժամանակ կարևոր նկատեց այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում սիրիահայությունն իր հայացքն ու քայլերն է ուղղում դեպի մայր Հայրենիք և բնակություն հաստատում հայրենի սրբազան հողում:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հարց ու պատասխանի միջոցով նաև տեղեկացավ երեխաների առօրյայից, իղձերից և ապագայի հանդեպ ունեցած ակնկալիքներից՝ վստահեցնելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամ է օժանդակելու նրանց ազգային ոգով ներշնչվելու, հոգևոր և հասարակական կյանքին ինտեգրվելու համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները փոխանցեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղությունը վերահաստատվի Սիրիայում, և Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի ողջ սիրիահայությանը: