Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ
Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպեց Գերմանիայի
Դաշնային Հանրապետության նախկին նախագահ պրն. Յոհակիմ Գաուկի հետ:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր կարևոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:
Նորին Սրբությունը տիար Գաուկին նաև ներկայացրեց անկախությունից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:
Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս: