Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության հանձնախմբի անդամների հետ
Փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հունվարի 30-ից փետրվարի 4-ը Մայր Աթոռում իր հերթական` 15-րդ հանդիպումն անցկացնող Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի անդամներին:
Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներն այս օրերին քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող մի շարք հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա:
Հանդիպմանը հանձնախմբի անդամ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հանձնախմբի համանախագահներին և անդամներին:
Ապա հանձնախմբի անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեցին և հանձնախմբի աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցին Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը (Կաթոլիկ Եկեղեցի) և Կահիրեի Ղպտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, Դամիետտի, Բարարի, Քաֆր էլ Շեյքի միտրոպոլիտ Գերաշնորհ Անբա Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի): Վերջիններս նաև շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունեց հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը պատրաստակամ է մշտապես հյուրընկալելու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին:
Նորին Սրբությունը, անդրադառնալով Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին ու քննարկումներին, կարևոր նկատեց նման երկխոսությունները, որոնք վեր են հանում Եկեղեցիների միջև ինչպես ընդհանրությունները, այնպես և աստվածաբանական և եկեղեցաբանական ընկալումներում առկա տարբերությունները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկխոսությունները նպաստում են Եկեղեցիների միջև փոխճանաչողությանը, եղբայրական հարաբերությունների առավել սերտացմանը և ընդհանուր վկայությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց Եկեղեցիների գործակցության և ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը մարդկության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նաև իր մտահոգությունն արտահայտեց աշխարհիկացման գործընթացների հետևանքով հասարակական կյանքում արձանագրվող հոգևոր-բարոյական արժեքների նահանջի և խեղաթյուրման վերաբերյալ, ինչը հիմնական պատճառն ու շարժառիթն է դառնում այսօր աշխարհում տեղ գտնող ողբերգությունների և կորստաբեր երևույթների:
Մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակին` Նորին Սրբությունը կարևորեց Եկեղեցիների միասնական հետևողական ջանքերն ի պաշտպանություն քրիստոնեական համայնքների իրավունքների և տարածաշրջանում քրիստոնեական ներկայության` աղոթք վերառաքելով նահատակների համար, որոնք ծայրահեղականների և ահաբեկչական միավորումների բռնարարքների զոհ են դարձել:
Վերջում, բարի ընթացք մաղթելով հանձնախմբի աշխատանքներին, Ամենայն Հայոց Հայրապետն եղբայրական իր ջերմ ողջույնները փոխանցեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին, աղոթքն ու օրհնությունը` հոգևոր դասին և հավատացյալներին: Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված զորացնի սերն ու գործակցությունը Եկեղեցիների միջև և արդյունավորի նրանց առաքելությունը ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար:
Հանդիպումն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով: