Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Ախլցխա» պարային համույթի սաների հետ
Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վիրահայոց թեմի Ախալցիխեի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներին՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:
Հայր Հակոբը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համույթը ծրագրում է չորսօրյա պտույտ կատարել Արցախում և հանդես գալ կատարումներով, ապա հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց համույթի նախաձեռնությունը` ընդգծելով, որ նրանց ելույթները մեծ բավականություն կպատճառեն արցախցիներին և կոգևորեն: Նորին Սրբությունը նշեց նաև, որ համույթի անդամներն իրենց հերթին անմոռանալի օրեր կանցկացնեն Արցախում, կքաջալերվեն ու կզորանան` տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը:
Գարեգին Բ Վեհափառը, իր հայրական օրհնությունը բերելով պատանիներին, գովեց ազգային ինքնությունը, նախնյաց հավատքը և սրբազան ժառանգությունը պահպանելու գործում նրանց նախանձախնդրությունը: Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին շարունակել ապրել ազգային ոգով ու գիտակցությամբ:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Ախալցիխեի հոգևոր տեսչությանը և բարերար հայորդիներին` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայրենիք նման ուխտագնացությունների կազմակերպման համար:
Հանդիպման ընթացքում պատանի ախլցխացիներն իրենց երաժշտական կատարումներով և ազգային պարերով ուրախացրին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արժանանալով նրա գնահատանքին և պարգևներին: