Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ուկրաինա
Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով կմեկնի Ուկրաինայի հայոց թեմ` մարտի 17-ին Դնեպրի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման առիթով:
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ մարտի 16-ին Կիևում կկատարվի նաև թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: