Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կրետեի հայկական եկեղեցու 350-ամյակի միջոցառումները
Մայիսի 3-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները:
Նորին Սրբությանն ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: