Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Ծիծեռնակաբերդում կառուցվելիք մատռան հողի օրհնության կարգը
Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի առիթով Ծիծեռնակաբերդում, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ կկառուցվի մատուռ: Ապրիլի 23-ին, մատրան հուշաքարի մոտ, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հողի օրհնության կարգ:
«Ծիծեռնակաբերդի այս բարձունքին կանգնեցվելու է սրբազան մատուռ, որտեղ մշտահունչ աղոթք է կատարվելու մեր մահացածների լույս հիշատակին: Այն կանգնեցվում է, որպեսզի այս մատուռից ճառագող օրհնությունը որպես ծածկույթ տարածվի մեր մեկ ու կես միլիոն զոհերի անթաղ ոսկորների վրա եւ նրա հարկը դառնա անմեղ զոհերի հոգիների բնակարան: Սուրբ մատրան առջեւ մեր ժողովուրդը պիտի գա ուխտի, որպեսզի մասիսահայաց Եղեռնի հիշատակաց այս հուշահամալիրների ներկայությամբ հաստատի իր հավատարմությունը մեր նախնյաց սրբազան հավատքին, ուխտի ապրել նրանց տեսիլքներն ու երազները կյանքի կոչելու վճռակամությամբ ու նախանձախնդրությամբ: Եկեղեցու զանգերը այս բարձունքից պիտի հնչեն, տարածվեն ի Սփյուռս աշխարհի, որպես կոչ ու հրավեր մեր ժողովրդին, որպեսզի շարունակի հետեւողականորեն հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նվիրական գործին, որպեսզի ոչ ոք չհամարձակվի երբեք ազգերի ոչնչացման չարահնար ծրագիր մտածել»,-ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
Մատուռը կկառուցվի համազգային ընծայաբերությամբ:
Մինչ արարողությունը, Հայրապետական թափորը եւ բոլոր ներկաները, ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների, աղոթք բարձրացրին նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Արարողությանը ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ: Արարողությանը մասնակցեցին նաեւ Հայոց Ցեղասպանության 90-ամյա տարելիցի առիթով Հայաստան ժամանած քույր եկեղեցիների բարձրաստիճան եկեղեցականներ ու պատվիրակները` Մոսկվայի Պատրիարքության միջեկեղեցական հարաբերությունների բաժնի փոխնախագահ, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Մարկ եպս. Եգորյեւսկին, Ալեքսանդր սրկ. Վասյուտինը, դոկ. Սերգեյ Գովորունը (Ռուս Ուղղափառ Եկեղեցի), Մալաթիուս արքեպիսկոպոսը (Ասորի Ուղղափառ Եկեղեցի) ՍերաՖիմ արքեպիսկոպոսը (Վրաց Ուղղափառ Եկեղեցի), Կորնելիու եպս. Բարլադեանուլը (Ռումին Ուղղափառ Եկեղեցի), Թերմոպիլեի Իոաննիս եպիսկոպոսը (Հույն Ուղղափառ Եկեղեցի), Դեյվիդ եպս. Թասթինը (Անգլիկան Եկեղեցի), ինչպես նաեւ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Վեր. Ժան Առնոլդ դե Կլերմոնը: