Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաղաղության եւ հաշտության կոչ է հղել Իսրայելյան եւ Պաղեստինյան իշխանություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաղաղության եւ հաշտության կոչ է հղել Իսրայելյան եւ Պաղեստինյան իշխանություններին 06.04.2002

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ-նամակներ է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին եւ Պաղեստինյան իշխանության առաջնորդ Յասեր Արաֆաթին` անհանգստություն հայտնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար:

Վեհափառ Հայրապետի գրություններում մասնավորաբար ասվում է.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը խաղաղասեր ողջ մարդկության հետ անհանգիստ է եւ մտահոգ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության վերջին շրջանի աննախադեպ լարվածությամբ ու բախումներով, որ վտանգել է խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում` պատճառ դառնալով բազմահարյուր մարդկային զոհերի:

Վշտակցության զգացումով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված անմեղ զոհերի հոգիների համար եւ հայցում մխիթարություն զոհվածների հարազատներին:

Մեծապես անհանգստացած ենք, որ վերջին օրերին ռազմական գործողությունների շրջագծում են հայտնվել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան սրբատեղիները, ուր զինյալ խմբավորումների ներկայությունը լուրջ սպառնալիք է ստեղծել համաքրիստոնեական այդ սրբավայրերի անվտանգությանը»:

Նկատի առնելով այն փաստը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ի դեմս Երուսաղեմի հայոց Պատրիարքության քրիստոնյա քույր եկեղեցիների հետ դարեր ի վեր իր սպասավորությունն է բերում համաքրիստոնեական սրբավայրերում եւ սրբատեղիների պահպանության եւ հոգածության երաշխավորներից մեկն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել հակամարտող կողմերին «գործադրել ամեն միջոց, որպեսզի Բեթղեհեմյան սրբատեղիները զերծ մնան պղծումներից ու ավերածություններից»:

Նորին Սրբությունն իր աղոթքն է բարձրացրել առ Բարձրյալ Աստված, որպեսզի Տերը «ամենառատ ողորմությամբ ապահով ու անխռով պահի Սուրբ Երկիրը, Իսրայելի եւ Պաղեստինի ժողովուրդներին` խաղաղության ու հաշտության Իր հովանին տարածելով տարածաշրջանի բոլոր երկրների վրա»: