Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանին
Հունվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Բելառուսի Հանրապետության իշխանությունների, ինչպես և դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ Նորին Սրբությունն արձանագրեց, որ երկու ժողովուրդների բարեկամությանն իրենց նպաստն են բերում նաև Հայոց Եկեղեցին և Բելառուսի Ուղղափառ Եկեղեցին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Բելառուսի հայ համայնքի և նրա հոգևոր կարիքների հանդեպ դրսևորվող ուշադրությանը, մասնավորապես Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացին։
Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկը հաստատեց, որ երկու երկրների միջև առկա են ամուր և եղբայրական կապեր, որոնք էլ ավելի պիտի զորանան ու զարգանան։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին։