Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Փրովիդենս քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Սուինի։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Շնորհքը ներկայացրեց ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին:
Իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց միջոցով հայորդիներին հնարավորություն է ընձեռնվում իրենց ուխտը վերանորոգելու և հայ ժողովրդի համար դժվարին այս օրերին գոտեպնդելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին՝ վստահություն հայտնելով, որ աշխարհասփյուռ հայությունն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ ուժ կգտնի հաղթահարելու առկա մարտահրավերները: