Աթենքում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 13-րդ համաժողովը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 9-16-ը Աթենքում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Առաքելությունը եւ Ավետարանի Քարոզչությունը Աշխարհում» հանձնախմբի «Արի° Սո°ւրբ Հոգի, բուժիր եւ հաշտեցրո°ւ» խորագրով 13-րդ համաժողովը: Այն համախմբել էր ավելի քան 100 ազգությունների 650 մասնակիցների քրիստոնյա տարբեր եկեղեցիներից: Համաժողովին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացնում էր երեցկին Փոլա Դեւեջյանը:
Կոնֆերանսի աշխատանքները սկսվում էին սուրբգրային ընթերցումներով` հնարավորություն տալով մասնակիցներին հոգեպես նախապատրաստվել գալիք օրվա աշխատանքների համար:
Կոնֆերանսի մասնակիցները գիտակցում են, որ քրիստոնյաների միջեւ գոյություն ունեն բաժանումներ, սակայն այս նոր հազարամյակում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն աննախադեպ մարտահրավեր են հանդիսանում քրիստոնեական առաքելության եւ վկայության համար, եւ եկեղեցիներին ապաշխարության ու հաշտության կոչ են անում:
«Շատ կարեւոր է անձնական մակարդակով նման կապեր ունենալ այլ մասնակիցների հետ: Սուրբգրային քննարկումների ժամանակ զանազան մշակույթների ու հարանվանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն ինձ մեծապես օգնեց հասկանալու նրանց մտածելակերպը»,- նշել է երեցկին Դեւեջյանը:
Կիրակի օրը երեկոյան տեղի ունեցավ կոնֆերանսի փակման արարողությունը Աթենքի կենտրոնում` Արիսպագոս կոչվող վայրում, որտեղ Ս. Պողոս Առաքյալը քարոզել է առաջին դարի աթենացի փիլիսոփաներին: