ՙՌոսԿոսմոսի՚ պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ՙՌոսԿոսմոսի՚ պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել առաջին տիեզերագնաց Յ. Գագարինի թռիչքին նվիրված ՙՄիաբանության կովկասյան էստաֆետ՚ ֆորումի միջոցառումների առիթով:
Հանդիպմանը ներկա տիեզերագնացները եւ գիտնականները Նաթան Սրբազանին ներկայացրեցին ֆորումի նպատակները:
Ողջունելով ֆորումի մասնակիցների այցն ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց ներկաներին` կարեւորելով ժողովուրդների միաբանությանն ու փոխգործակցության զորացմանն ուղղված նրանց ջանքները: Այս առնչությամբ Նաթան Սրբազանը անդրադարձավ նաեւ տիեզերագնացների կարեւոր առաքելությանն ու դժվարին հանձնառությանը` գնահատանք հայտնելով նրանց ի դեմս հանդիպմանը ներկա օդաչու-տիեզերագնաց Միխայիլ Տյուրինի:
Վերջում Սրբազան Հայրը հորդորեց ֆորումի մասնակիցներին, հավատարիմ մնալով ժողովուրդների դարավոր եղբայրության ավանդներին, շարունակել տիեզերագիտության ոլորտում տասնամյակների համատեղ աշխատանքը` այն ծառայեցնելով մարդկության կյանքի բարօրությանը եւ առաջընթացին: