ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրագիր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանյան բարեգործական ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի հետ համատեղ ապրիլի 1-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում սկսեց իրագործել ՙԱջակցություն ընտանիքներին՚ ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգեւոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը, ապահովել դպրոցներում ստացվող հոգեւոր կրթության շարունակականությունն ընտանիքում:
Ծրագրի շրջանակներում Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար դպրոցներում կազմակերպվում են համայնքների հոգեւոր հայրերի հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը վերլուծում են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայ Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում, պատասխանում ծնողներին հուզող հարցերի: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին եւ ծնողներին տրամադրվում է այս առիթով հրատարակված ՙՔրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրեւ հասարակության հենք՚ գրքույկը:
Ծրագրի առաջին փուլը կավարտվի մայիս ամսին, իսկ երկրորդ փուլը նախատեսվում է շարունակել 2011-2012 ուսումնական տարում:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ