Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը
Նոյեմբերի 1-ին Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում կատարվեց նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը:
Առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից հիսունչորս թեմական պատգամավորներից ներկա քառասունչորսը քվեների մեծամասնությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ ընտրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրության արդյունքների հաստատումից հետո Վահան Սրբազանը կստանձնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
(կենսագրություն)
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում 1963 թ.:
Բաղդադում նախնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Բաղդադի Էլեկտրաինժիներական համալսարան եւ ավարտել այն 1985 թ-ին:
Նույն թվականին ընդունվել է Նյու-Յորքի (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) Ս. Ներսես ճեմարան` միաժամանակ սովորելով նաեւ Նյու-Յորքի Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանում:
1989 թ.-ին ավարտել է Ս. Ներսես ճեմարանը և Ս. Վլադիմիր ճեմարանը և պաշտպանելով թեզ «Շահապիվանի ժողովը. թարգմանություն, ներածություն և մեկնաբանություն» թեմայով ստացել մագիստրոսի աստիճան:
1987 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ:
1990 թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ծառայությունը բերել Բաղդադում և Մոսուլում:
1991-1992թ. ծառայել է որպես Նյու Յորքի Ս. Խաչ եկեղեցու այցելու հոգևոր հովիվ:
1992-1993թթ. ծառայել է որպես Նյու Յորքի Ս. Վարդանանց եկեղեցու լուսարարապետ:
1993-1999թթ. եղել է Ս. Ղևոնդ եկեղեցու (Ֆեյեր Լոուն, Նյու Ջերսի) հոգևոր հովիվ:
1994թ. «Գ Կորնթացիս թուղթը Հայ Եկեղեցու գրականության մեջ» թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ և ստացել մասնավոր վարդապետական գավազան:
Շարունակելով ուսումնառությունը` մասնակցել է «Ղպտական Ընթերցվածք. Թովմասի Կտակարան», «Թալմուդ եւ Ռաբբիականություն», «Իսլամ եւ Ղուրան» դասընթացներին: Ուսանել է Բրոնքս շրջանի (Նյու-Յորք) Ֆորդհամի համալսարում և 1998 թ. ավարտել այն` ստանալով Աստվածաշնչյան ուսումնասիրությունների դոկտորի կոչում: Պաշտպանել է ավարտաճառ «Գ Կորնթացիս. Պողոսի վերադարձը քրիստոնեական ուղղափառության» թեմայով:
1999-2000 թթ. եղել է Ս. Ներսես ճեմարանի տեսչի պաշտոնակատար:
2006թ. «Նոր Կտակարանի պարականոն տեքստերը և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը» թեմայով պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ` արժանանալով ծայրագույն վարդապետական աստիճանի:
2000-2010թթ. եղել է Ս. Մարտիրոսաց եկեղեցու հոգևոր հովիվ:
2008 թ.-ից առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի վարդապետական թեզերի քննության հանձնախմբի անդամ է: Աստվածաշնչյան գրականության հասարակության «Աստվածաշունչը Արևելյան և Արևելյան Ուղղափառ ավանդություններում» խորհրդի նախագահ է: 2006 թ-ից առ այսօր Աստվածաշնչյան ուսումնասիրությունների զարգացման ուղղափառ կենտրոնի ամսագրի գլխավոր խմբագիրն է:
2009թ. դեկտեմբերի 14-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:
2011 թ. նոյեմբերի 6-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հեղինակ է տասնյակ աշխատությունների և հոդվածների: Դասախոսել է մի շարք ուսումնական հաստատություններում` Ջորջիայի դատական համալսարանում, Ս. Մարկոսի Ղպտական ճեմարանում, Ս. Ներսես ճեմարանում: Անդամ է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային միության, Քրիստոնեական պարականոն գրականության ուսումնասիրության միության, Աստվածաշնչային կաթոլիկ ընկերություն, «Մատենադարանի բարեկամներ» տնօրենների խորհրդի, Ամերիկայի Աստվածաբանական Ուղղափառ ընկերության, Աստվածաշնչյան ուսումնասիրությունների զարգացման ուղղափառ կենտրոնի, Հայկական հետազոտությունների հասարակության, Աստվածաշնչյան գրականության հասարակության, Արևելյան Ուղղափառ եկեղեցիների մշտական խորհրդի, Արևելյան հետազոտությունների ամերիկյան դպրոցի: