Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ անցկացվող Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի մասնակիցներին` առաջնորդությամբ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի:
Արշակ Սրբազանը, ողջունելով տարբեր երկրներից ժամանած երեք տասնյակից ավելի գրողներին, նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը: Սրբազան Հայրն ուրախալի նկատեց այն հանգամանքը, որ արդեն ավանդույթ է դարձել Օտարագիր հայ գրողների համախմբումը Հայաստանում, որը նպաստում է գրողների փոխճանաչմանն ու շփմանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը նաև անդրադարձավ մտավորականի կարևոր դերին ինչպես հայ ինքնության ճանաչման և պահպանման գործում, այնպես էլ այն բնութագրող բաղադրիչները անաղարտորեն ներկայացնելու առաքելության մեջ, ինչը հաճախ կասկածի տակ է դրվում մեր հասարակական կյանքի զարգացումներում: ՙ...Մտավորական լինելը ոչ թե ինչ-որ գործընթացի մեջ ներգրավված լինելն է, այլ կենսակերպ է, կենսակերպ` հոգևոր-բարոյական արժեքների նկատմամբ հավատարմություն դրսևորելու նախանձախնդրության մեջ՚, - մասնավորապես իր խոսքում նշեց Արշակ Սրբազանը:
Հայ գրողների անունից Լևոն Անանյանն իր երախագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց ջերմ ընդունելության համար:
Հանդիպման ընթացքում Սրբազանը պատասխանեց նաև հայ գրողներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս գործունեությանը կրթական ոլորտում, աղանդավորական զանազան շարժումներին և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: