Օծվեց Վարդենիկի Ս. Հովհաննես մատուռը

Օգոստոսի 27-ին ձեռամբ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանի օրհնվեց Գեղարքունյաց Թեմի Վարդենիկ համայնքի Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռը: Աղոթարանը կառուցվել է առաջարկությամբ սրբազան հոր եւ ազնիվ բարերարությամբ նույն համայնքի բնակիչներ Աշոտ եւ Թաթուլ Մովսիսյանների` ի պահպանություն 1507թ. Հիզանում գրված մեկ Ավետարանի, որ երկար տարիներ պահպանվում էր Մովսիսյանների տանը: Ձեռագիր Ավետարանը նաեւ բարձրարժեք` արվեստի գործ է:

1774թ. Մովսիսիյան գերդաստանից Տ. Հարություն քահանան ավետարանը Լաթար քաղաքից իր հետ բերել է Վարդենիկ: Այդ ժամանակվանից մինչ օրս գյուղում եւ հարակից շրջանում սրբազան ձեռագիրը հավատացյալներին հայտնի է իր հրաշագործ զորությամբ, որի պահպանման վայրը դարձել է ուխտատեղի եւ աղոթքի վայր:

Հավարտ արարողության ձեռագիր մատյանը հանդիսավոր կերպով տեղափոխվեց նորաշեն մատուռ եւ զետեղվեց խորանում: