Օծվեց Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի Սբ. Գեւորգ եկեղեցին
Հունիսի 23-ին օծվեց Գեղարքունիքի թեմի Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի Սբ. Գեւորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջում գյուղի բնակիչների միջոցներով եւ սերտորեն կապված է եղել Սեւանա կղզու վանական միաբանության հետ:
Խորհրդային շրջանում այն ծառայել է որպես գյուղի պահեստ: Իշխանությունների անտարբեր վերաբերմունքի հետեւանքով այն սկսել է քանդվել եւ մինչեւ վերջերս գտնվում էր կիսավեր վիճակում:
Եկեղեցու ամբողջական նորոգությունը ստանձնեց արմատներով ցամաքաբերդցի Տիար Վալտեր Մարությանը: Հունիսի 23-ին Գեղարքունիքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ օծվեցին նորոգված եկեղեցու Սուրբ Սեղանը ու մկրտության ավազանը:
Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Սեւանի քաղաքապետ Գ. Մալխասյանը, մշակույթի եւ քաղաքականության գործիչներ եւ բազում հավատացյալներ: