Օծվեց Սարալանջ գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին
Հուլիսի 26-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց Սարալանջ գյուղի Ս. Գեւորգ եկեղեցու օծման արարողությունը: Ձեռամբ Սրբազան հոր եւ մասնակցությամբ թեմի հոգեւոր դասի օծվեցին սուրբ Սեղանը, Խորանը, Մկրտության սուրբ ավազանը, սյուները: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց Արեւաշողի հոգեւոր հովիվ Տ. Մովսես քհն. Աշուրյանը:
1901թ.-ին կառուցված Ս. Գեւորգ եկեղեցին մինչ խորհրդային կարգերի հաստատումը ծառայել է համայնքին, ապա խորհրդային ժամանակաշրջանում վերածվել պահեստի, հարդանոցի: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հիմնավեր խոնարհված եկեղեցին 2005թ.-ին վերակառուցվել է սարալանջցի Հարություն եւ նրա որդիներ Աշոտ եւ Արմեն Գրիգորյանների բարերարությամբ:
Հավարտ սրբազան արարողության Գերաշնորհ Սեպուհ Սրբազանն իր օրհնության եւ շնորհավորական խոսքն ուղղեց սարալանջցիներին եւ բոլոր ներկաներին. «Գոհություն ենք հայտնում Բարձրյալն Աստծուն, որ մեր Տիրախնամ թեմում եւս մեկ աղոթքի տուն իր դռները բացեց: Շնորհիվ ձեր համագյուղացիների` Հարություն եւ նրա որդիներ Աշոտ եւ Արմեն Գրիգորյանների, կրկին վեր հառնեց խոնարհված Ս. Գեւորգ եկեղեցին: Ուստի, սիրելի° բարեպաշտ ժողովուրդ, աչքի լույսի պես պահենք ու պահպանենք այն: Այսուհետ ձեր սրտաբուխ ու մաքուր աղոթքները, որ կմատուցվեն այս սուրբ տաճարում, թող նվիրվեն մեր Մայր Եկեղեցու անսասանության, մեր անկախ Հայրենիքի բարգավաճման ու հայ ժողովրդի բարօրության համար»: Եկեղեցու բարարներին, իբրեւ գնահատանք, թեմակալ առաջնորդը հանձնեց Օրհնության գրեր:
Սրբազան արարողության ներկա էին Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր ու համայնքի անդամներ:
Ս. Պատարագից հետո մկրտվեցին տասնյակ մարդիկ, բաժանվեց մատաղ: