Օծվեց Մասիսի Ս. Գեւորգ եկեղեցին
Նոյեմբերի 1-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Մասիսի Ս. Գեւորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է բարերարությամբ Գագիկ Ադիբեկյանի եւ Արթուր Աբրահամի, ճարտարապետն է Հրաչ Գասպարյանը:
Օծման արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վեհափառ Հայրապետը առընթերակայությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, կատարեց օծումը նորակառույց եկեղեցու: Սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը եւ սյուները:
Հոգեշունչ արարողությունից հետո իր օրհնությունը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը վերհիշեց հինգրերորդ դարում Վարդան զորավարի ասած խոսքերը, թե` «Մենք մեզ հայր ենք ընդունում Սուրբ Ավետարանը եւ մայր` Առաքելական Սուրբ եկեղեցին»` փառք եւ գոհություն վերառաքելով առ Աստված, որ դարեր անց մեր ժողովրդի զավակները նույն հավատարմությամբ պաշտպանում են իրենց նվիրական սրբությունները` հայրերի հավատքը, հայրենի երկիրը եւ աստվածսիրության ապրում իրենց հոգում: «Եկեղեցու կառուցման հետ, մենք հավատում ենք, որ հոգեւոր կերտվածքը եկեղեցու պիտի կառուցվի Արարատի մեր հավատավոր զավակների հոգիներից ներս: Եկեղեցու կերտվածքը հոգեւոր բարոյական արժեքներն են, որոնք դարեր շարունակ հատկանշել են մեր ժողովրդին, նրա էությունն ու դիմագիծը: Եվ այսուհետ եւս մեր ժողովուրդը պիտի ապրի` իր կյանքը խարսխելով բարոյական արժեքների վրա, որովհետեւ այդ արժեքներով է, որ զորեղ է մեր հոգին, այդ արժեքներով է, որ պիտի կարողանանք շենացնել, բարգավաճ դարձնել եւ հաղթանակների առաջնորդել հայրենական մեր կյանքը», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց բարերարներին ու նրանց ընտանիքի անդամներին նրանց կարեւոր եւ օրհնյալ նախաձեռնության:
Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ բարերարներ Գագիկ Ադիբեկյանն ու Արթուր Աբրահամը, որից հետո գեղարվեստական հայտագրով հանդես եկան Մասիսի մշակույթի դպրոցի սաները:
Արարողությանը ներկա էին նաեւ մարզային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում անցկացվող Թեմական ներկայացուցչական ժողովի մասնակիցներ եւ հարյուրավոր հավատավոր մասիսցիներ: