Օգոստոսի 13-ին Սբ© Աստվածածնի Վերափոխման տոնն է
Կիրակի« օգոստոսի 13-ին« Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի իր հինգ գլխավոր` տաղավար տոներից Սբ© Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հնագույնն է Սբ© Աստվածածնին նվիրված տոներից: Այն հիշատակն է Աստվածամոր մահվան եւ իր Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի խոստման համաձայն երկինք փոխադրվելու:
Համաձայն Սրբազան Ավանդության` սբ. Կույսը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի ապրում է Երուսաղեմում` Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Աստվածամայրը հաճախ այցելում է Որդու գերեզման ու անդադար աղոթում: Այցելություններից մեկի ժամանակ նրան հայտնվում է Գաբրիել հրեշտակապետն ու հայտնում Տիրամոր` երկրային կյանքից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն այս բարի լուրը հաղորդում է առաքյալներին ու իր ազգականներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը, վերջին անգամ սբ. հաղորդություն ստանալուց հետո, գնում է Վերնատուն, ուր հավաքվում են նաեւ բոլոր մերձավորները եւ սկսում սգալ:
Հովհաննեսը վերցնում է մի տախտակ, տալիս Աստվածածնին եւ խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում եւ դնում երեսին, այնուհետեւ թրջում այն իր արցունքներով եւ խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր սնարը, աննկարագրելի մի լույս է երեւում, իսկ վերեւում` Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին: Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» եւ ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա` երկինք փոխադրված լինելը:
Տիրամայրը թաղվում է Գեթսեմանի ձորակում« որտեղ երեք օր ու գիշեր լսվում են հրեշտակների երգերը: Աստվածամոր կյանքի այս վերջին պահերին եւ հուղարկավորությանը ներկա չի լինում միայն Բարդուղիմեոս առաքյալը: Վերադառնալով Երուսաղեմ` նա ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են վիմափոր գերեզմանը, գտնում են միայն Սբ. Կույսի հանդերձանքը, որ նշանակում էր« թե Հիսուս, Իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Աստվածամորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմեոսին` ի մխիթարություն, որն էլ հետագային առաքյալը բերում է Հայաստան եւ զետեղում Անձեւացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին ակնածանք եւ երկյուղածություն է տածել Աստվածամոր հանդեպ` շեշտելով նրա` Աստծո մայր լինելու հանգամանքը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Աստվածամոր անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել, ի շարս որոնց եւ Մայր Տաճարը, նրան են նվիրված մեր բոլոր եկեղեցիների ավագ խորանները: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Աստվածածնի Վերափոխման տոնին` Սբ. Պատարագից հետո, ավանդաբար կատարվում է խաղողօրհնեք: Խաղողը, որ Արարատյան դաշտի զարդն է դարձել Նոյ նահապետի ձեռքով, բոլոր պտուղներից նախապատիվ է« որովհետեւ նրանից է պատրաստվում գինին, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:
* * *
Օգոստոսի 13-ին` Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ, որից անմիջապես հետո Սբ. Տրդատի բաց խորանում կկատարվի խաղողօրհնեքի արարողություն:
Ս. Պատարագի սկիզբը` ժ. 11.00:
Սբ© Աստվածածնի տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է` մեռելոց: