ՕԾՎԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻ ԽԱՉԵՐԸ

ՕԾՎԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻ ԽԱՉԵՐԸ Հոկտեմբերի 23-ին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում  էր Խաչի գյուտի տոնը, մոսկվաբնակ հազարավոր հայերի համար օրը կրկնակի տոն էր, քանզի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պիտի օրհնվեին ու օծվեին Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրի մայր եկեղեցու գմբեթի խաչերը:
Պատմական այս օրվան անհամբեր սպասում էին բոլորը` շինարարները, բարերարները, հոգևոր դասը, թեմի բարեխնամ առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, նաև հավատացյալները,  ովքեր եկել էին իրենց աղոթքով զորակցելու և մասնակից դառնալու խաչերի օրհնության և օծման գեղեցիկ ու խորհրդավոր արարողությանը: Սուրբ ու նվիրական այս օրվան իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկնոջ հետ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բազմաթիվ այլ պաշտոնական անձինք և  հյուրեր: Արարողությանը, որպես  երկու քույր Եկեղեցիների դարավոր բարեկամության նշան, ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականները` Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի առաջնորդությամբ:
Մինչ հյուրերը խումբ-խումբ հավաքվում էին հայոց հոգևոր տանը, հորդ անձրև սկսեց տեղալ, ինչը, սակայն, չխանգարեց արարողության ընթացքին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվեց խաչերի օրհնության և օծման արարողությունը: Հնչեց <<Տեր Աստված մեր>> աղոթքը, ապա Նորին Սրբությունը, մյուռոնաթափ աղավնին ձեռքին,  մոտեցավ օծելու խաչերը: Հոգևոր դասը երգում էր <<Խաչի Քո Քրիստոս>> շարականը: Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը  խնկարկեց Սուրբ խաչը և ներկաներին, ովքեր հոգևոր դասի հետ միաձայն, Տիրոջը փառաբանելով,  երգում էին  <<Ալելուիա>>: Ողջ տարածքը թնդում էր հոգեպարար երգեցողությամբ: Արարողության ավարտին հավատացյալները երկյուղով ու ակնածանքով մոտեցան   համբուրելու սրբալույս մյուռոնով օծված Սուրբ Խաչը, որը մի քանի րոպե հետո պիտի բազմեր նորակառույց Մայր եկեղեցու գմբեթին:
Այս առիթով Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը դիմելով ներկաներին` ասաց.<<Աստվածադիր ու մեծասքանչ օր է այսօր: Օր պատմական ու նվիրական, որի համար տքնել ու ջանացել ենք բոլորս միասին` բարերար, թե շինարար, ճարտարապետ, թե քանդակագործ` ապավինած Տիրոջ ողորմած կամքին, որ արժանանանք տեսնելու, ականատեսն ու մասնակիցը դառնալու մեր հավատքի հաղթական նշանի` այս Սուրբ Խաչի տեղադրման հոգեպարար արարողությանը նորակառույց այս Տաճարի գմբեթին` ի վկայություն առ Աստված մեր սիրո, ի վկայություն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր նվիրումի և առ Մայր Հայրենին մեր հավատարմության: Փառք ու գոհություն Բարձրյալին, որի երկնային բարեհաճությամբ վարձատրվեցինք այս շնորհով` վայելելու միաժամանակ նաև  բարձր   ներկայությունը աստվածօրհնյալ ազգիս հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների: Որդիական սեր ու խոնարհում Ձեզ Վեհափառ Տեր, որ ընդառաջ Ձեր հոգևոր զավակների խնդրանքին, օրհնաբեր այցով եկել եք Սուրբ Էջմիածնից, որպեսզի Ձեր օրհնաբաշխ աջով, սրբալույս մյուռոնով օծեք Սուրբ Խաչերը մեր տաճարի: Հարգանք ու երախտագիտություն ՀՀ մեծարգո Նախագահին` Տիար Ս. Սարգսյանին, ով իր վսեմաշուք ներկայությամբ հավելում ու կրկնապատկում է մեր ուրախությունը: Ուրախություն, որն, ինչ խոսք, արդյունք է նաև Ռուսաստանի Դաշնության պետական, հոգևոր ու քաղաքային իշխանությունների դրսևորած եղբայրական, ջերմ, բարեհաճ ու պատրաստակամ վերաբերմունքի, ինչը և առավել զորանում է հենց այս խորհուրդով:Այս պահին մեր աղոթքն ու հայցն է առ Տերը Երկնավոր, որ պահի ու պահպանի ամուր ու անսասան հավատակից ու խաղաղասեր մեր երկու ժողովուրդների, բարեկամ պետությունների ու քույր Եկեղեցիների դարավոր եղբայրությունը: Վեհափառ Տեր, հայցում ենք Ձերդ Սրբության աղոթքը, օրհնությունն ու պատգամը Ձեզ աղոթակից Ձեր զավակներին>>:
Ապա ներկաներին հայրապետական իր խոսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհություն  հայտնելով բազմողորմ ու բարեգութ Աստծուն, Ում կամքով  կառուցվեց Մոսկվայի այս սուրբ տաճարը: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաև շինարարներին, բարերարներին, թեմի առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանին և հավատավոր հայորդիներին, ովքեր իրենց ջանադիր ու նվիրյալ աշխատանքով կառուցեցին Տիրոջ Տունը:
Ապա Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը և շինարարները վերամբարձ կռունկով բարձրացան դեպի գմբեթը, որպեսզի Տիրոջ Սուրբ նշանը`հաղթական Ս. Խաչը, տեղադրեն առաջնորդանիստ եկեղեցու գմբեթին: Ներկաները շունչները պահած, մեկ սիրտ դարձած, հրապարակում հետևում էին յուրաքանչյուր շարժմանը…. Օրհնաբեր յուղով օծված Սուրբ Խաչն, ի վերջո, ամրացնում, տեղադրում են …. Ժողովորդը ցնծում է, հնչում են ծափողջույններ ու  հիացական բացականչություններ: <<Այս եկեղեցին մեր պարծանքն է, մեր նկարագիրը, մեր միասնականության վկայությունը: Ես անչափ ուրախ եմ, հոգիս ցնծում է>>,-ասաց Արթուր Չիլինգարովը: Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը ևս հիացմունքով խոսեց եկեղեցական համալիրի մասին, այն համարելով` պատկառազդու, և հույս հայտնեց, որ Ռուսիո հողում կառուցված եկեղեցին փոքրիկ Հայաստան է դառնալու ռուսաստանաբնակ հայության համար: Երևանից այս առիթով ժամանած համալիրի գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը հուզված էր, որ վերջապես ավարտին են մոտենում համալիրի շինարարական աշխատանքները և խաչերի օծումով ազդարարվում է մոտ ապագայում եկեղեցու բացման բարի լուրը:
Մայր Տաճարի գմբեթի ոսկեպատ վեց խաչը պատրաստվել են Ալեքսանդրովսկ քաղաքի մեքենաշինական գործարանում` բարերարությամբ գործարանի տնօրեն Գևորգ Մեհրաբյանի: Գմբեթի գլխավոր խաչն ունի  7 մետր, իսկ մնացյալ 5 խաչերը`  4 մետր բարձրություն:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան