ՕԾՎԵՑ ՃՈՃԿԱՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ

ՕԾՎԵՑ ՃՈՃԿԱՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ 23.09.2010

Սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 19-րդ տարելիցին, կրկնակի տոն էր Լոռու մարզի Ճոճկան գյուղում: Ճոճկան գյուղի բնակչությունը տարիներ ի վեր սպասում էր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթք բարձրացնելու առ Աստված: Գյուղի եկեղեցին կառուցվել է 1886թ. հայտնի գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան Լորիս-Մելիքյանի բարերարությամբ: Այժմ ընթացքի մեջ են եկեղեցու վերանորոգչական եւ կահավորման աշխատանքները, որը հանձն է առել ամերիկահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանը:

Սեպտեմբերի 21-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի եւ մասնակցությամբ թեմի հոգեւոր դասի` տեղի ունեցավ Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողությունը:

Սրբազան Հայրը իր գնահատանքի խոսքը հղեց բարերարին, ապա ներկաներին մանրամասն մեկնաբանեց օրվա խորհուրդը եւ հորդորեց. «Յուրաքանչյուր մարդ եւ հավաքականություն արժանապատվորեն պիտի կրի իր խաչը ինչպես այս եկեղեցին, որ խորհրդային շրջանին վերածվեց պահեստի, սակայն եկեղեցին չդադարեց կանգուն մնալ եւ կրկին շարունակում է կրել սրբատար խաչը»:

Արարողությանը ներկա էին գյուղապետը, գյուղի դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ նաեւ հյուրեր արտերկրից:

Դիվան Գուգարաց թեմի