«Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն» խորագրով միջազգային գիտաժողով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների նախաձեռնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, սեպտեմբերի 26-27-ին տեղի կունենա «Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն» թեմայով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին, որն անցկացվում է ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Բելառուսից և Իսլանդիայից:
Գիտաժողովի ընթացքին մասնակիցների կողմից կտրվեն պատասխաններ հետևյալ հարցերին`
ա. Ի՞նչ տեղ և նշանակություն ունեն քրիստոնեության մեջ Հայրենիք, Ազգ, Լեզու գաղափարները:
բ. Մերօրյա կյանքում արդյոք հարկավո՞ր է հավատարիմ մնալ քրիստոնեական քաղաքակրթությանը:
գ. Եկեղեցին և քրիստոնեական մշակույթն այսօր ինչպե՞ս են նպաստում քրիստոնյա անհատի աշխարհընկալման և արարչաստեղծ բնության հանդեպ նրա վերաբերմունքի ձևավորմանը:
դ. Քրիստոնեությունը և հանդուրժողականությունը մերօրյա հասարակության կյանքում:
Սեպտեմբերի 26-ին զեկույցներով հանդես կգան Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը (Հայաստան), Դավիթ Ղազարյանը (Հայաստան), Աննա Արևշատյան (Հայաստան), Անդրեաս Լոյշը (Գերմանիա), Հայր Յոախիմ Գերհարդը (Գերմանիա): Սեպտեմբերի 27-ին կզեկուցեն Ֆրիդրիխ Շլայնցերը (Ավստրիա), Էլիզաբեթ Մայերը (Ավստրիա), Եվա Վայսենբախերը (Ավստրիա), Թյորհալլուր Էյթորսոնը (Իսլանդիա) և Վիկտոր Յազիկովիչը (Բելառուս):
Գիտաժողովի շրջանակներում նաև տեղի են ունենալու ցուցահանդեսներ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում` նշյալ երկրներից ժամանած արվեստագետների մասնակցությամբ, ինչպես նաև Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որտեղ ներկայացվելու են ուսանողների ստեղծագործությունները` «Քրիստոնեություն, ազգ, քաղաքակրթություն» թեմայով:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին: