Քննարկվեց ՀՀԵԵԿ կանոնադրությունը եւ ընտրվեց Կենտրոնական խորհուրդ
Հուլիսի 11-ին Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակեցին իրենց խմբային քննարկումները: Քննարկումների թեմաներն էին` ՀՀԵԵԿ-ի գործունեությունը, տեղեկատվության տարածումը, ինտերնետային կայքի ստեղծումը, թեմերի համագործակցությունը, բյուջեն եւ ֆինանսավորումը, համագործակցությունն այլ կառույցների հետ եւ այլն:
Այս խնդիրները խմբերում քննարկելուց հետո Ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ երկրորդ լիագումար նիստը, հընթացս որի քննարկվեց ՀՀԵԵԿ-ի կանոնադրությունը: Քննարկումների արդյունքում աշխատանաքային խմբին լիազորվեց վեց ամսից մեկ տարի ժամանակահատվածում մշակել կանոնադրությունը, որպեսզի այնուհետեւ այն ներկայացվի Վեհափառ Հայրապետի հաստատմանը: Քննարկումներից հետո կայացավ ՀՀԵԵԿ Կենտրոնական խորհրդի նոր ընտրություն, որի արդյունքում 21 երիտասարդներ ընտրվեցին Կենտրոնական խորհրդի անդամներ:
Ժողովը եզրափակվեց ՀՀԵԵԿ-ի կազմակերպական աշխատանքները համակարգող եւ ղեկավարող ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի խոսքով: Գերաշնորհ Սրբազան Հայրն իր խոսքում, որպես պատգամ երիտասարդներին, առանձնացրեց երեք կետ. «Աստված է մեր կյանքի մեկնակետը, Հայաստանյայց Եկեղեցին ոգին է մեր կյանքի եւ երիտասարդությունը նպատակն ու առաքելությունն է մեր կյանքի»: