Քենթրբերիի Արքեպիսկոպոսն այցելեց Սեւանի Վազգենյան դպրանոց
Սեպտեմբերի 24-ին Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը երկու Եկեղեցիների հոգեւորականների ուղեկցությամբ այցելեցին Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոց:
Վազգենյան Հոգեւոր դպրանոցի սաները դիմավորեցին Անգլիկան եկեղեցու պետին «Հրաշափառ» շարականի երգեցողությամբ: Այնուհետեւ դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը ուղեկցեց հյուրերին դպրանոցի հիմնական մասնաշենքի հարկաբաժիններով եւ ներկայացրեց դպրանոցի հիմնադրման պատմությունը: Պտույտից հետո դպրանոցի հանդիսությունների դահլիճում դր. Ռոուան Վիլիամսին ու նրան ուղեկից հոգեւորականներին ողջունեց Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը: «Ձեր այցը այս ճեմարան վկայում է Հայ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ առկա հարաբերությունների որակի մասին: Մեզ համար Ձեր այցը ոչ միայն պատմական ձեւավորված հարաբերությունների պատմություն է, այլեւ արտահայտություն է այն ոգու, որ, ես կարծում եմ, հատուկ է երկու Եկեղեցիներին», - ասաց Հայր Սուրբը վերստին ուրախություն հայտնելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցի համար Սեւանի դպրանոց:
Այնուհետեւ դպրանոցի սաները ներկայացրեցին մի քանի շարականների կատարումներ:
Վերջում Արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսը իր մտորումները փոխանցեց ճեմարանի սաներին: Իր խոսքում նա մասնավորապես ասաց. «Ուրախ ենք ձեզ հետ լինել: Հրաշալի երգեցողություն էր: ...Աստվածաբանությունը նման չէ այլ առարկաների: Աստվածաբանությունը ներառում է մեր հոգին, սիրտը եւ մարմինը` ամենը միասին: Աստվածաբանությունը սերտում ենք ոչ միայն գրքերից, այլեւ միմյանցից եւ Եկեղեցու ծառայությունից: Միասին ապրելն ու աղոթելը մաս է կազմում աստվածաբանական մեր կրթության»: Հովվապետը երիտասարդներին խոսեց հոգեւորականի կոչման եւ դժվարին ծառայության մասին, հորդորեց ունկնդիր լինել Աստծո կանչին եւ կարողանալ միշտ սովորել իրենց շրջապատող հոգեւորական եւ աշխարհական եղբայրներից:
Հանդիպումից հետո Քենթրբերիի Արքեպիսկոպոսը պատվիրակության ուղեկցությամբ եղավ նաեւ Սեւանի թերակղզու Սբ. Առաքելոց վանքում: