Քենթրբերիի Արքեպիսկոպոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սբ. Պատարագի
Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա գտնվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ ժամանած Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը եւ նրան ուղեկից անգլիկան հոգեւորականները, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամները` գլխավորությամբ ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիայի եւ ԵՀԽ ատենապետ դոկտոր Ոլտեր Ալթմանի:
Հընթացս Ս. Պատարագի երկու Հովվապետերն իրենց պատգամը հղեցին ներկա գտնվող հոգեւորականներին եւ հավատացյալ ժողովրդին: Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Տաճարում ներկա հավատացյալ հայորդիներին եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազում ուխտավորներին ներկայացրեց Անգլիկան Եկեղեցու պետին եւ վերստին ուրախություն հայտնեց նրա այցի առիթով:
«Անգլիկան եկեղեցու հետ Հայ Եկեղեցու հարաբերությունները երկու հարյուր տարիների պատմություն ունեն: Այդ հարաբերություններն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Հայ Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատմության էջերում: 19-րդ դարում էր` Հայ ժողովրդի համար պատմական դժվար ժամանակաշրջանում« երբ Մեր երջանկահիշատակ նախորդների եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսների նամակագրությամբ« Սուրբ Երկրում` Երուսաղեմում« Մեր եկեղեցիների ներկայացուցիչների միջեւ հարաբերությունների մշակմամբ հիմք դրվեցին Մեր պատմական կապերին: Աղոթքով ենք հիշում Մեր երանաշնորհ հայրերից Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ներսես արք. Վարժապետյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ Մկրտիչ Ա Խրիմյանի, Քենթրբերիի արքեպիսկոպոսներ Նորին Սրբազնություն Դոկ. Թամպբել Թեյթի եւ Դոկ. Թովմաս Դեւիդսոնի անունները« որոնք կանգնած են ակունքներում Մեր հարաբերությունների: Ձեռքբերումների հարուստ պատմություն է բաժանում Մեզ պատմական այս շրջանից», - ասաց Հայոց Հայրապետը` նշելով, որ Եկեղեցիների միջեւ առկա սիրո համագործակցությունն ավելի է ամրապնդվել Հայոց Հայրապետների եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսների փոխադարձ այցելություններով, համատեղ համաձայնագրերի կնքմամբ` նոր հեռանկարներ բացելով համագործակցության ցանկալի ուղում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Տիրոջը, որ երկու Եկեղեցիների հարաբերություններն ի սկզբանէ հիմնված են եղել միմյանց ճանաչելու եւ ընդունելու« փոխադարձ հարգանքի եւ վստահության սկզբունքների վրա: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ներկայիս Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու գործունեությանը` նշելով նաեւ. «Հայրապետիս հոգին բերկրանքով է լցված, քանզի միայնակ չենք առաքելության Մեր ճանապարհին: Տիրոջ շնորհներով շարունակում ենք աստվածահաճո բարի գործեր կատարել քույր Եկեղեցիների հետ` պսակելով դրանք բարեկամության նորանոր ձեռքբերումներով եւ չանտեսելով արդիականության այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են Մեր Եկեղեցիների առջեւ: Գիտակցում ենք, որ երկխոսությամբ սկսված Մեր ուղին տակավին ճանապարհ ունի հարթելու Տիրոջով, զորավիգ կանգնելով միմյանց դժվարության պահին, միմյանց հետ կիսելով Մեր հարուստ եւ հնամենի հոգեւոր փորձառությունն ու մտքի համընդհանուր ժառանգությունը»: Վեհափառ Հայրապետը խոսեց նաեւ միջեկեղեցական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին. «Հայ Եկեղեցին տեսիլքով է նայում եկեղեցիների միջեւ հարաբերությունների զարգացմանը` ավելի զարկ տալու համատեղ կրթական եւ փոխանակման ծրագրերին, գործակցելու եւ Մեր համատեղ ձայնը բարձրացնելու ի խնդիր խաղաղության, մարդկային կյանքի բարօրության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության եւ փոխադարձ հարգանքի հաստատման` ըմբռնումով մոտենալով Մեր տարբերություններին եւ հարատեւ աղոթական ջանքերով նպաստելու երկխոսությանն ու վստահության հաստատմանը: Այս առումով կարեւորում ենք 2001 թ. Անգլիկան Հաղորդության եւ Արեւելյան Եկեղեցիների միջեւ սկսված երկխոսությունը, որի առաջին հանդիպումը, նվիրված Քրիստոսաբանական երկկողմ ըմբռնումներին, հաջողությամբ նշանավորվեց` այստեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմամբ: Մենք ջատագովում ենք այս երկխոսության կայուն շարունակությունը եւ լիահույս ենք, որ այն էլ ավելի կմերձեցնի Մեր Եկեղեցիներն ու ժողովուրդներին Ի փառս Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի»:
Նորին Սրբությունը ողջունեց նաեւ ներկայությունը ԵՀԽ Գլխավոր Քարտուղար վեր. դոկտոր Սամուել Կոբիայի` նրա այցը լավ առիթ նկատելով ծանոթանալու Հայոց Եկեղեցուն, հինավուրց հայ մշակույթին, երկրին ու ժողովրդին:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ համայն Հայ Եկեղեցուն ու Ժողովրդին իր սրտի խոսքն ուղղեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը: Անգլիկան Եկեղեցու Հովվապետը նշեց, որ իրենք երկար են սպասել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի գալու հնարավորությանը եւ մեծ ուրախություն ու բերկրանք են ապրում` Մայր Աթոռում միասնաբար ներկա գտնվելով Ս. Պատարագին: Նորին Սրբազնություն Ռոուան Վիլյամսն ամենաջերմ զգացումներով հիշեց Հայոց Հայրապետի այցը Մեծ Բրիտանիա եւ վստահություն հայտնեց երկու Եկեղեցիների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ու երկխոսությունների շարունակական ընթացքի եւ դրանց առավել սերտացման վերաբերյալ: Մեջբերում անելով հընթացս Ս. Պատարագի կատարված ընթերցումից, ուր Պողոս Առաքյալը Քրիստոսի եւ Եկեղեցու միությունը նմանեցնում է Փեսայի եւ Հարսի միությանը, Քենթրբերիի Արքեպիսկոպոսն ի մասնավորի ասաց. «Այսօրվա Ավետարանի ընթերցվածի մեջ մենք լսեցինք. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Եկեղեցին միացած է Քրիստոսին, ինչպես Հարսը` Փեսային: Դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս խոստացել է հավերժ հավատարիմ լինել Իր Եկեղեցուն: Դարեր շարունակ քրիստոնյա հայ ժողովուրդը գիտակցել է Հիսուս Քրիստոսի հավատարմությունը Եկեղեցուն: Հայ ժողովուրդն Աստծո այդ ներկայությունն ու հավատարմությունը տեսել է անգամ հալածանքների ու Մեծ Եղեռնի ժամանակ: Եվ հայերի հավատարմությունն առ Աստված եւ առ Եկեղեցին հաստատագրումն ու առհավատչյան են սուրբգրային այս խոսքի. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Մենք երջանիկ ենք` տեսնելով հավատարիմ վկայությունը Ձեր Եկեղեցու եւ Ժողովրդի: Դա մեզ հիշեցնում է նաեւ մեկ այլ ճշմարտության մասին`Քրիստոսի եւ Եկեղեցու միությունը թելադրում է, որ մենք, որպես քրիստոնյաներ, պարտավոր ենք հավատարիմ լինել միմյանց նկատմամբ: Մկրտությամբ Քրիստոս մեզ կապում է թե Իր եւ թե մեզ միմյանց հետ, ուստի մենք պարտավոր ենք, իբրեւ քրիստոնյաներ, մեկս մյուսի նկատմամբ եղբայրասիրության մեջ լինել: Մենք հուսով ենք, եւ նաեւ վստահ ենք, որ մեր Եկեղեցիների միջեւ առկա սերն ու եղբայրությունը նշան կլինի ամբողջ աշխարհի համար»:
Հավարտ իր խոսքի Անգլիկան Եկեղեցու Հովվապետը երախտագիություն արտահայտեց ընդունելության համար. «Ձերդ Սրբություն, քույրեր եւ եղբայրներ, մենք խորապես զգացված ենք Ձեր հյուրընկալությամբ: Մենք խոստանում ենք հավատարիմ մնալ Քրիստոսին, որ մեզ կոչել է, եւ ձեզ բոլորիդ, որպես քույրեր եւ եղբայրներ: Թող Աստված շենացնի Իր Եկեղեցին, որպեսզի Իր փառքը տեսանելի լինի ողջ աշխարհում: Եվ այս սուրբ վայրում, ուր Միածին Որդին երկիր իջավ եւ ուր մենք վերանորոգում ենք մեր տեսիլքը, աղոթում ենք, որ Միածին Որդին Իր հետ երկինք բարձրացնի մեզ: Մեր Տիրոջ եւ Իր Ժողովրդի ներկայությամբ ես նորից արտահայտում եմ երախտագիտությունս եւ ամենայն բարիք եւ օրհնություն եմ մաղթում Ձերդ Սրբությանն ու Ձեր ողջ Ժողովրդին»:
Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիային` նշելով, որ սեպտեմբերի 23-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելու է ԵՀԽ Գործադիր կոմիտեի հերթական ժողովը: Այնուհետեւ իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց դոկտոր Սամուել Կոբիան:
Պատարագի սրբազան արարողությունից հետո երկու Հովվապետերը եւ պատվարժան հյուրերը եկեղեցականաց հանդիսավոր թափորով ուղղվեցին դեպի Վեհարան:
Սեպտեմբերի 23-ին Անգլիկան Եկեղեցու Հովվապետը կայցելի նաեւ Նորքի Հայորդյաց տուն: