Քառօրյա ուխտագնացություն համալսարանական երիտասարդության մասնակցությամբ

Մայիսի 9-12-ը Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կենտրոնը ղեկավարությամբ Սուրեն սրկ. Գեւորգյանի կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն Հայաստանի զանազան թեմեր եւ պատմական սրբավայրեր: Ուխտագնացությանը մասնակցում էին շուրջ երկու հարյուր ուսանողներ Հայաստանի շուրջ 10 բարձրագույն ուսումնական հաստատություններից:

Ուխտավորները հոգեւորականների առաջնորդությամբ այցելեցին Նորավանք, Խոր Վիրապի վանք, Ծաղկեվանք, եղան Գյումրու Յոթվերք եւ Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցիներում, Վահրամաբերդում եւ Ամբերդում:

Այցի ընթացքում եկեղեցիներում եւ վանքերում երիտասարդները մասնակցում էին ժամերգություններին: Ուսանողների համար կազմակերպվել էին նաեւ հոգեւոր զրույցներ եւ մշակութային ցերեկույթներ: