«Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հանրային ֆորում Հռոդոսում
Հոկտեմբերի 10-ից 13-ը Հունաստանում` Հռոդոս կղզում, անց է կացվում «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հանրային հինգերորդ ֆորումը, որին մասնակցում են ավելի քան յոթ հարյուր պատվիրակներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ֆորումի աշխատանքներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Ժողովին ներկա էին նաեւ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն) եւ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալջանյանը (Երուսաղեմի Հայոց պատրիարքություն):
Եռօրյա ժողովի ընթացքին աշխատանքներն ընթանում են հետեւյալ նյութերի շուրջ` «Քաղաքակրթության միջավայրի կառուցում. ավանդույթներ եւ նորարարություններ», «Կրթությունը զարգացման ռազմավարության փնտրտուքի ճանապարհին», «Աշխարհի տնտեսական համակարգի ռեգիոնալացում ու փոխակերպում», «Կրոնը եւ քաղաքակրթությունների երկխոսությունը», «Միջմշակութային եռրկխոսության քաղաքակրթական միջավայրը», «Քաղաքակրթությունների երկխոսությունը եւ օրենքը», «Քաղաքակրթությունների երկխոսություն. մտահղացումից դեպի իրականություն», «Միջին Արեւելքը միջքաղաքակրթական հարաբերություններում», «Չինական քաղաքակրթությունը համաշխարհային երկխոսության համատեքստում», «Երաժշտությունն իբրեւ երկխոսության համընդհանուր լեզու», ինչպես նաեւ քննարկումներ են տեղի ունենալու մարդկությանը սպառնացող վտանգների, զանգվածային լրատվամիջոցների երկխոսության, գիտական նվաճումների եւ համաշխարհայնացման գործընթացների մասին:
Համաշխարհային հանրային ֆորումը ստեղծվել է 2002 թվականին, երբ Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Հունաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնեցին «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային ծրագիրը: Ֆորումի հիմնադիրներն ու համանախագահներն են Վլադիմիր Յակունինը (Ռուսաստան), Չանդրա Կապուրը (Հնդկաստան) եւ Նիկոլաս Պապանիկոլաուն (Հունաստան): Անցնող հինգ տարիների ընթացքում նման կոնֆերանսներ են գումարվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վիլնյուսում, Աբխազիայում, Թուրքիայում, Հունաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իսպանիայում եւ Կիպրոսում:
Ֆորումի հիմնական նպատակն է համաշխարհային հանրության ջանքերի մեկտեղումը հանուն մարդկության հոգեւոր եւ մշակութային արժեքների պաշտպանության, ժամանակակից աշխարհի քաղաքակրթությունների միջեւ կառուցողական երկխոսության միջավայրի ստեղծման, խաղաղության եւ միջազգային անվտանգության հաստատման: Համաշխարհային ֆորումը միտված է արդյունավետ եւ ժողվրդավարական միջոցներ մշակելու համընդհանուր խնդիրների հաղթահարման համար: