Քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հավաքի արդյունքում ընդունվեց հայտարարություն

Քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հավաքի արդյունքում ընդունվեց հայտարարություն 15.02.2012
Քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հավաքի արդյունքում ընդունվեց հայտարարություն

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմակալ առաջնորդների, տեղի ունեցավ Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով գումարվող քահանայից ավանդական ամենամյա հավաքը£ Քահանայից ժողովին մասնակցում էին շուրջ երկու հարյուր երեսուն եկեղեցականներ, ովքեր իրենց ծառայությունն են բերում Մայր Աթոռի կառույցներում, վանքերում, Հայաստանի ու Արցախի թեմերում, ինչպես նաև ներկայացուցիչներ Սփյուռքի հայոց թեմերից: Ժողովի քննարկման նյութն էր` ՙՔահանան եկեղեցական-սոցիալական աշխատանքի հիմնական դերակատար՚:



Առավոտյան հոգևորականաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Արևագալի ժամերգության, որից հետո ժողովն սկսեց իր աշխատանքը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Ժողովը բացվեց հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, ով քահանայից դասի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում համախմբվելու, Նորին Սրբության օրհնությունն ու հայրական պատգամները ստանալու հնարավորության համար, ապա շնորհավորեց հոգևորականներին  տոնի առիթով` մաղթելով նրանց ընթանալ Ղևոնդյանց ոգով` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հովվական ասպարեզում:

Թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Նազարյանը:



Զեկույցներից հետո տեղի ունեցավ քննարկում, որի արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը. ՙՄենքª Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներս, կարևորում ենք Ս. Ղևոնդյանց քահանայից տոնը որպես հրավեր ուխտի նորոգման, առավել զորացնելու հոգևոր մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Քահանայի հովվական առաքելության մեջ էական և կարևոր տեղ է զբաղեցնում սոցիալական ծառայությունը: Գոհություն ենք հայտնում Տիրոջը, որ մեր Եկեղեցին արդյունավորում է իր առաքելությունը տարբեր սոցիալական ձեռնարկումներով, որոնք արտահայտվում են հասարակության սոցիալական խոցելի խմբերինª հիվանդներին, ազատազրկվածներին, բռնության ենթարկվածներին, անապահով անձերին ու ընտանիքներին, մանուկներին ու ծերերին ուղղված հոգեխնամատարական ծրագրերով: Մենք պատասխանատու ենք նկատում մեզ հասարակության առջև ծառացած սոցիալական մարտահրավերների հաղթահարման գործում և կարևորում յուրաքանչյուրիս ծառայությունը սոցիալապես անապահով միջավայրերում, որպեսզի հոգևոր ու բարոյական փորձությունները և կարիքը պատճառ չդառնան Աստծուց հեռացման ու հոգիների փրկության խաթարման: Այս հրամայականի առջև Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի խորհուրդը դիտարկում ենք որպես ազդու պատգամ առավել ակնառու դարձնելու համար մեր հովվական սպասավորության մեջ սոցիալական աշխատանքը: Հորդորում ենք նաև Հայ Եկեղեցու հավատավոր հոտի անդամներին գործնականորեն սատարելու Եկեղեցու սոցիալական ծառայությանը, ջանքեր ներդնել Տիրոջ գթասրտության և ողորմության պատգամներն առավել արդյունավոր միջոցներով արտահայտելու համար սոցիալապես խոցելի խմբերի կյանքում:


Ս. Ղևոնդյանց քահանայից բարեխոսության հայցով աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր խնամքի ու հոգածության մեջ հանապազ պահի ու պահպանի մեր ժողովրդին և խաղաղություն պարգևի հայրենի մեր երկրին` պայծառության մեջ հաստատուն պահելով Առաքելական մեր Ս. Եկեղեցին՚:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Խորեն քահանա Կիրակոսյանին, Տ. Պարույր քահանա Ավետիսյանին և Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Տ. Հովել քահանա Գամաղելյանը, Տ. Արարատ քահանա Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Նիկողայոս քահանա Հովհաննիսյանը, Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, Հարավային Ռուսաստանի Հայոց թեմից Տ. Գևորգ քահանա Միրզոյանը, Գուգարաց թեմից Տ. Ներսես քահանա Ղալայանը, Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը, Տ. Վիգեն քահանա Ղազարյանը, Վայոց Ձորի թեմից Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Արագածոտնի թեմից Տ. Հայկ քահանա Սահակյանը, Տ. Եփրեմ քահանա Զարգարյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Սողոմոն քահանա Մինասյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորությունից Տ. Դավիթ քահանա Շախկյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, Տավուշի թեմից Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը, Վիրահայոց թեմից Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը, Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը և Տ. Սամվել քահանա Թորոսյանը:



Ժողովի ավարտին ներկա հոգևորականներին հայրապետական իր պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով հոգևորականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն օգնական և զորավիգ լինի Հայ Եկեղեցու սպասավորներին արդյունավոր կերպով շարունակելու իրենց առաքելությունը: Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այսպիսի հավաքները հոգևորականների համար գեղեցիկ առիթ են անդրադարձումի իրենց կոչմանը և առաքելության արդյունավորմանը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ժողովի նյութին` քահանայի դերակատարությանը սոցիալական ոլորտում. ՙՍոցիալական ոլորտից ներս ծառայությունը հայ եկեղեցականի կոչումն է, նրա առաքելության հիմնական և կարևոր մասը: Անդրադարձանք մի շարք խնդիրների, ինչպիսիք են` թմրամոլությունը, բռնությունը, ընտանեկան դաստիարակությունը, ծնող-զավակ, տղամարդ-կին հարաբերությունները, աղքատությունը, և նմանատիպ այլ երևույթների: Հայ եկեղեցականի կոչումն է պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք մեղք են ծնում, իսկ միջոցը բնականաբար Ավետարանի խոսքն է՚: Այդ առաքելության իրագործման հիմնական միջոց Նորին Սրբությունը նկատեց հոգևորականի պատասխանատվությունը, նախանձախնդրությունը, կոչման գիտակցությունը ծառայության հանդեպ, անվերապահ և անպայմանավոր սերը, որ պետք է մշտապես դրսևորվի հավատավոր հոտի հանդեպ:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին, որոնց նվիրյալ աշխատանքի արդյունքում տարեց տարի առաջընթաց է արձանագրվում թեմերում: ՙՄեր աղոթքն ու հայցն ենք առ Աստված բարձրացնում և խնդրում Երկնավորից, որ զորացնի ձեզ ձեր հավատքի մեջ, մեր ժողովրդին ծառայելու գործում սիրո մեջ՚, - մաղթեց Նորին Սրբությունը հավաքված եկեղեցականությանը:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգևոր դասը մասնակցեց Երեկոյան ժամերգության և ս. Վարդանանց տոնի նախատոնակին: