Քահանայական մեծ ժողով Արցախի թեմում
Հունիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմում, ատենապետությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի ունեցավ քահանայական մեծ ժողով: Ժողովին, բացի թեմի կուսակրոն եւ ամուսնացյալ քահանաներից, մասնակցում էին նաեւ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը եւ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը` իբրեւ ատենադպիր:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Այնուհետեւ Գերաշնորհ Պարգեւ Սրբազանը ժողովականներին ներկայացրեց նիստին քննարկվելիք հիմնական հարցերը:
Նախ քննության առնվեցին Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակի տոնակատարությունների ծիրում կայանալիք առաջիկա միջոցառումների եւ անելիքների ծրագրերը: Ըստ այդմ` հուլիսի 10-ին Ստեփանակերտում կկայանա հանդիսավոր երեկույթ, հընթացս որի կցուցադրվի Արցախի պետական հեռուստատեսության կողմից Գանձասարի վերաբերյալ նկարահանված ֆիլմ, կհնչեն տարբեր ելույթներ: Երեկույթի վերջում կցուցադրվի նաեւ Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի եւ «Վեմ» ռադիոկայանի տնօրեն Տ. Մեսրոպ քահանա Արամյանի հեղինակած եւ արդեն մեծ արձագանք ստացած «Արարատից Սիոն» ֆիլմը:
Հուլիսի 11–ին` Վարդավառի տոնին, Պարգեւ Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ: Շուրջ 700 ուխտավորների Գանձասար տանելու համար կտրամադրվեն մեքենաներ: Հավարտ Ս. Պատարագի ուխտավորների համար կկատարվի մատաղօրհնեք, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կիրականացվեն մշակութային միջոցառումներ:
Տոնի առիթով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 2 օրով Գանձասար կբերվեն Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները:
Սեպտեմբերին նախատեսվում է Արցախում կազմակերպել եռօրյա գիտաժողով, որի նյութերը կհրապարակվեն առանձին գրքով: Հրատարակության են պատրաստվում նաեւ 3 այլ գրքեր:
Այնուհետեւ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը ժողովականներին ծանուցեց, որ շուտով համացանցում կհայտնվի Գանձասարի մասին կայքէջի հայերեն տարբերակը: Տոնական միջոցառումները պարբերաբար կլուսաբանվեն ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ համացանցում` ֆորումների, բլոգների եւ սոցիալական ցանցերի միջոցով:
Պարգեւ Սրբազանը, ընդգծելով այն հանգամանքը, որ Արցախի հոգեւոր-մշակութային կյանքում մեծ կարեւորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշվում է Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով, գոհունակությամբ բարձր գնահատեց այն հսկայական օժանդակությունը, որ ցուցաբերում են ԼՂՀ իշխանությունները:
Այնուհետեւ ժողովականները քննության առան Արցախի թեմում ծխական համայնքների ստեղծման հարցը: Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ընդգծելով հոգեւորականի առաջնահերթ առաքելությունը` ավետարանչությունը եւ հավատավոր ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարումը, կարեւորեց եկեղեցական համայնքային կյանքի զարգացումը, ինչն իր արդյունավետությունը կունենա նաեւ աղանդավորության դեմ պայքարում: Որոշվեց հնարավորինս կարճ ժամանակում ողջ թեմում ստեղծել ծխական խորհուրդներ եւ եկեղեցական համայնքներ: Հոգեւոր հովիվներն ստացան ծխական խորհուրդի կանոնադրությունը եւ պարտավորվեցին պարբերաբար զեկուցագրեր ներկայացնել թեմակալ առաջնորդին իրենց հովվական գործունեության վերաբերյալ: Տիար Աշոտ Սարգսյանը, ողջունելի նկատելով նման համայնքների ստեղծումը, հավաստիացրեց, որ պետության կողմից կցուցաբերվի հնարավոր ցանկացած աջակցություն:
Քահանայից ժողովը քննարկեց նաեւ մի շարք այլ կարեւոր խնդիրներ` ներքին կազմակերպչական, եկեղեցաշինական, թեմի նյութական ծախսերի, հոգեւորականների զգեստների, եկեղեցական երգչախմբերի կազմավորման եւ այլնի վերաբերյալ:
Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով: