Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Իրադարձությունների տեսանյութ
Օգոստոսի 29-ին` Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Պատարագիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ քահանայական օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս միաբան սարկավագներ:Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ տեղի ունեցավ սարկավագների ընծայման արարողությունը: Սուրբ Պատարագին, շարականների երգեցողության ներքո եւ աղոթքների ընթերցմամբ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին, Ս. Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգեւոր նոր անուններ: Մանուկ սարկավագ Մալխասյանը վերակոչվեց Տ. Աբրահամ քահանա, Սեւակ սարկավագ Գրիգորյանը` Տ. Ահարոն քահանա, Եսայի սարկավագ Կաբաղյանը` Տ. Գեղարդ քահանա, Արթուր սարկավագ Գեւորգյանը` Տ. Սիփան քահանա: Ձեռնադրության եւ օծման արարողության ավարտին քահանա հայրերը ներկաներին տվեցին իրենց անդրանիկ օրհնությունը:
Այնուհետեւ ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում կարեւոր եւ ուրախալի այս իրադարձությանը, որով չորս նոր եկեղեցականներ հոգեւոր ծառայության կոչվեցին: Իր ոգեշունչ քարոզում Հովակիմ Սրբազանն ասաց. «Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գյուտի տոնին այս խորանը պտղաբերեց եւ ծնվեցին չորս նոր քահանաներ, քահանաներ, որոնց Սուրբ Իգնատիոս Անտիոքացին նմանեցնում է առաքյալներին, ովքեր պետք է մտնեն ժողովրդի մեջ եւ քարոզեն Տիրոջ Ավետարանը»: Խոսքն ուղղելով նորընծա քահանաներին` նա հորդորեց աներեր հավատքով, նվիրվածությանբ եւ նախանձախնդրությամբ ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու հայ ժողովրդին, պատասխանատվության գիտակցումով մոտենալ իրենց սուրբ կոչմանը եւ իրենց վստահված հայորդիներին առաջնորդել ճշմարտության եւ հավիտենության ուղիով:
Այս բերկրալի առիթով Սրբազան Հայրը շնորհավորեց նաեւ Ամենայն Հայոց Հայրապետին` կատարված ձեռնադրությունը տեսանելի արտահայտությունը նկատելով Հայոց Եկեղեցու վերազարթոնքի:
Այնուհետեւ Նորին Սրբության առաջնորդութամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու եւ համբուրելու քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրն երեկոյան կատարվեց նաեւ վեղարի տվչության արարողությունը: Տ. Սիփան քահանան վեղար ստացավ` համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում: