Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

Հունվարի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բարձր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, հընթացս որի տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն եւ օծում:

Դեռեւս նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ, տեղի ունեցավ ընծայման կարգը, որի ընթացքում Իջման Սուրբ Սեղանի առջեւ ընծայացուները ստորագրեցին իրենց ուխտագրերը:

Հաջորդ օրը պատարագիչ Սրբազան Հայրը` այս օրերին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից Մայր Աթոռ ժամանած Գերաշնորհ Տ. Արիս եպիսկոպոս Շիրվանյանը կատարեց ձեռնադրության կարգը` Սրբալույս մյուռոնով օծելով հինգ նորընծաների ճակատները եւ ձեռքերը: Արիս Սրբազանը նորընծաներին կոչեց նոր անուններով. Վարդգես սարկավագ Սահակյանը վերանվանվեց Տ. Հովհաննես աբեղա, Անդրանիկ սարկավագ Տոնոյանը` Տ. Արիս աբեղա, Արթուր սարկավագ Դավթյանը` Տ. Կյուրեղ աբեղա, Տարոն սարկավագ Առաքելյանը` Տ. Խորեն աբեղա եւ Նորայր սարկավագ Ազարյանը` Տ. Պետրոս աբեղա: Ապա հինգ աբեղաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին` տյառնագրելով ներկա ժողովրդին:

Ձեռնադրության ավարտին Սրբազան Հայրն իր սրտի խոսքն ուղղեց նորընծա աբեղաներին եւ ներկա բարեպաշտ ժողովրդին` անդրադառնալով քահանայական կոչմանը եւ հոգեւորականի դժվարին առաքելությանը: «Սիրելի նորընծա Հայրեր, Ձեզ օծեցինք եւ կնքեցինք սուրբերի անուններով, որպեսզի նրանց դուք իբրեւ մտատիպար ունենաք ձեր առաջիկա նվիրյալ հոգեւոր մշակության գործի մեջ: Պատմությունը լի է սուրբերով, որոնք մեզ համար կենդանի տիպարներ են, որոնց կյանքը նույնիսկ նահատակությամբ է ավարտվել, եւ նրանք արժանացել են սուրբ կոչվելու դափնեպսակին: Իհարկե, որպես նոր հոգեւոր մշակներ, դուք հեշտ ճանապարհ չենք ունենալու ձեր առաքելության մեջ, փշեր եւ տատասկներ պիտի լինեն ձեր ճանապարհի վրա, բայց Աստծո օգնականությամբ, Ս. Հոգու կողմից Ձեզ պարգեւված այս շնորհներով դուք կկարողանաք զինվել եւ պայքարել այդ փշերի, սատանայի բոլոր հնարքների դեմ եւ ի վերջո Տիրոջ կամքով հաղթել այդ ամենին: Մեր մաղթանքն է, որ Աստված ձեզ անսպառ նորոգություն տա, Ձեր երիտասարդ հոգիները լիովին նվիրվեն իր պատգամի տարածմանը, նույնիսկ եթե հարկ լինի ձեր կյանքի գնով»,- նշեց Արիս Սրբազանն իր քարոզում:

Ապա «Ողջույնի» պահին Մայր Աթոռի միաբանները, գլխավորությամբ Վեհափառ Հոր, բարձրացան խորան` շնորհավորելու նորընծաներին եւ նրանցից ստանալու ողջույնը:

Նույն օրը, երեկոյան ժամերգությունից առաջ տեղի ունեցավ հինգ աբեղաների վեղարների տվչության կարգը: Ձեռնադրությունից հետո աբեղաները Մայր Աթոռում կանցկացնեն պահեցողության եւ քահանայական պատրաստության քառասնօրյա շրջանը, ապա մատուցելով իրենց անդրանիկ Սուրբ Պատարագը` հոգեւոր ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի կառույցներում: