Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05.05.2008

Մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն եւ օծում: Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում պատարագիչ Սրբազան Հոր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ հինգ սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն եւ օծում:

Արարատ Սրբազանը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով. Արմենակ սրկ. Բաղալյանը վերանվանվեց Տ. Արիստակես, Արման սրկ. Մարուքյանը` Տ. Հովհաննես, Վարդան սրկ. Բաղումյանը` Տ. Վրթանես, Ավետիք սրկ. Գրիգորյանը` Տ. Հուսիկ, իսկ Զաքար սրկ. Սահականը` Տ. Ներսես:

Սբ. Պատարագի ընթացքին` «Ողջույնի» պահին, Մայր Աթոռի միաբանները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ բարձրացան Սուրբ Խորան եւ շնորհավորեցին նորընծաներին:

Ձեռնադրությունից հետո Արարատ Սրբազանը, իր քարոզի մեջ ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցու անդաստանում սպասավորության կոչվեցին եւս հինգ եկեղեցականներ, իր պատգամն ուղղեց նորաօծ քահանա հայրերին. «Քահանայական ձեռնադրությունն ու օծումը, որ ստացաք, ձեւականություն չէ: Այսօր հանձն առաք Աստծո շնորհը, Ս. Մեռոնի օծմամբ Աստված Սուրբ Հոգին ուղարկեց եւ Սուրբ Հոգու հետ միասին այն բոլոր շնորհները, որ Սուրբ Հոգին փոխանցում է յուրաքանչյուր օծյալի: Այսօր դուք ուխտ կապեցիք Աստծո հետ, որպեսզի լինեք «մշակ առանց ամոթոյ», լինեք նվիրյալ ծառաները Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Այսօր դուք սկիզբ դրեցիք այն քայլերին, որոնք ձեր կյանքը պիտի առաջնորդեն դեպի հավատացյալ ժողովուրդը»,-ընդգծեց Սրբազան Հայրը` հորդորելով հավատքով, նվիրումով, հավատարմությամբ ու սիրով լծվել իրենց հոգեւոր առաքելությանը:

Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նորաօծ եկեղեցականները հովվական ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում: